Արմինֆո.Իսրայելի Հայֆա քաղաքի քաղաքային խորհուրդը նախօրեին միաձայն քվեարկել է 1915թ. Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման եւ քաղաքում զոհերի հուշահամալիրի կառուցմանօգտին: Այսպիսով, Հայֆան դարձավ Իսրայելի երկրորդ քաղաքը, որը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ Պետահ Տիկվայից հետո (Թել Ավիվի արվարձան), որտեղ 2020 թվականի ապրիլին կանգնեցվել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։
Իսրայելական լրատվամիջոցների հաղորդումների համաձայն, Թուրքիայի դեսպանը Իսրայելի կառավարությունից պահանջել է արգելել Հայֆայում հուշարձանի տեղադրումը։ Սակայն, ինչպես պնդում է իսրայելցի քաղաքագետ, Քնեսետի նախկին պատգամավոր Ալեքսանդր Ցինկերը, Իսրայելի ԱԳՆ-ում որոշել են անպատասխան թողնել թուրք դիվանագետի նամակը։
Նշենք, որ Իսրայելը մինչ օրս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Չնայած այն հանգամանքին, որ համապատասխան օրինագիծը բազմիցս ներկայացվել է Քնեսետի քննարկմանը, այն միշտ ինչ-ինչ պատճառներով երկար քննարկումներից հետո մերժվել է։