Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 14 - ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ խուսափել է ուղիղ պատասխանել այն հարցին, թե արդյոք Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում։
"Հայաստանի Հանրապետության օրակարգում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և իրավունքների հարցն է։ Այն, ինչը չի տեղավորվում այդ շրջանակներում, շահառու է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը։ Թե ես ինչ եմ տեսնում եմ, ինչը չեմ տեսնում, էական չէ։ Կարևորը՝ թե ինչ է տեսնում Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, և այն, թե արդյոք Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հնարավորություն ունի միջազգային մեխանիզմի պայմաններում հետամուտ լինել իր իրավունքների կատարմանը և անվտանգության ապահովմանը։ Սա շատ կարեւոր նրբություն է", - հայտարարել է Փաշինյանը։
Նրա ասելով, բանակցային գործընթացում շրջադարձային պահն այն էր, որ Լեռնային Ղարաբաղը դուրս մնաց գործընթացից։ Եվ այն բանին զուգընթաց, ինչպես ուժեղանում էր ՀՀ ձայնը, նվազում էր հիմնական շահառուի ՝ ԼՂՀ ժողովրդի դերը։
Ընդ որում, Փաշինյանը դրական է պատասխանել այն հարցին, թե արդյոք ինքը կաշկանդված է որևէ բանով, որպեսզի հայտարարի, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ "Ես կաշկանդված եմ շատ բաներով. Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությամբ, Հայաստանի Հանրապետության անվտանգությամբ, Հայաստանի Հանրապետության ժողովրդի անվտանգությամբ, ձեր անվտանգությամբ, բոլորի անվտանգությամբ, Հայաստանի ինքնիշխանությամբ, անկախությամբ, ՀՀ պետական շահերով, իհարկե, կաշկանդված եմ", - ասել է նա։