


Արմինֆո. Արցախի միջազգային ճանաչումը մշտապես եղել և շարունակում է արդիական մնալ հանրապետության իշխանությունների արտաքին քաղաքական օրակարգում։ Այս մասին փետրվարի 24-ին հայտարարել է Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը՝ Ղարաբաղյան շարժման 35-ամյակին նվիրված «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով գիտագործնական համաժողովում:
Նրա խոսքով՝ Արցախի միջազգային ճանաչման համար առավել քան բավարար են իրավական, քաղաքական և պատմական հիմքերը։ Ներկայումս, շարունակել է նախարարը, Ադրբեջանի իշխանությունները, արդեն 70 օր արգելափակելով Արցախի 120 հազար բնակիչներին, փորձում են էթնիկ զտումների քաղաքականություն իրականացնել ։ Ըստ էության, Բաքվի այդ հանցավոր քաղաքականությունը հաստատվել է ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումներով, որոնցում արձանագրվել են Ադրբեջանի պաշտոնական իշխանությունների կողմից Արցախի ժողովրդի նկատմամբ ատելության և ռասայական խտրականության փաստեր։ Այս համատեքստում հանրապետության միջազգային ճանաչումը միջոց է արցախցիների իրավունքների պարբերական և զանգվածային խախտումները կանխելու համար։ Իր հերթին, Արցախի ժողովրդի դեմ պետական մակարդակով իրականացվող Ադրբեջանի հանցագործությունների մասշտաբները, էթնիկ զտումների հանցավոր ծրագիրը ևս մեկ հիմք են հանդիսանում հանրապետության անկախության ճանաչման համար։
Հաշվի առնելով գլոբալ աշխարհաքաղաքական զարգացումները, շարունակել է նախարարը, եւ ի հայտ եկած նոր իրավական եւ քաղաքական միտումները, ինչպես նաեւ մի շարք այլ հարցեր, մասնագիտական հանրության կողմից խնդրի քննարկման կարիք ունեն: Այս առումով նախարարը կարևորել է Հայաստանի, Արցախի և Սփյուռքի մասնագիտական և լոբբիստական կարողությունների միավորումը։



