Արմինֆո. Երևանում հույս ունեն, որ Ադրբեջանը չի հրաժարվի Ստեփանակերտի հետ երկխոսությունից։ Այս մասին փետրվարի 22-ին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով, երբ Հայաստանը նախաձեռնեց Ադրբեջանի հետ գործընթացը, ներկայացվում էր բանակցությունների երկու ուղղություն. հարաբերությունների կարգավորում, խաղաղության պայմանագիր՝ մի կողմից, եւ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների եւ անվտանգության քննարկման ձեւաչափ, հարթակ:
"Ադրբեջանը տևական ժամանակ խուսափում է նման քննարկումից։ Սակայն Մյունխենում՝ ինչպես ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հետ հանդիպման ժամանակ, այնպես էլ պանելային քննարկումների ժամանակ ադրբեջանական կողմից պատրաստակամություն և հավաստիացում է ստացվել, որ Բաքվի և Ստեփանակերտի միջև միջազգայնորեն տեսանելի երկխոսություն պետք է կայանա", - նշել է նա։
Մյուս կողմից, նրա ասելով, վերջին տարիներին Երևանը տեսել է, որ պայմանավորվածություններ ձեռք են բերվում, հետո Բաքուն նահանջում է, այդ թվում՝ ստորագրված հայտնի փաստաթղթերի առնչությամբ։ "Հուսով եմ, որ այս անգամ նույնը տեղի չի ունենա, և մերժում չի լինի", - եզրափակել է Միրզոյանը։