Արմինֆո.Հայաստանն ու Թուրքիան պայմանավորվածություն են ձեռք բերվել նոր թափ հաղորդել երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանի բացման աշխատանքներին: Այդ մասին հայտարարել է Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման բանակցություններում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը:
"Երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանի բացման վերաբերյալ մեր նախարարն իր ելույթում նշել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել նոր թափ հաղորդել այդ հարցի շուրջ աշխատանքին: Երկու նախարարները եկել են այդ համաձայնությանը, և մենք հնարավոր ամեն ինչ կանենք՝ սեղմ ժամկետներում Մարգարայի կամրջի շահագործումն սկսելու համար", - ասել է Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը՝ ներկայացնելով Անկարայում Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպման արդյունքները։
Նա նաեւ համոզմունք է հայտնել, որ վերջին շրջանում ձեռնարկվող քայլերը մոտ ժամանակներս դրական ազդեցություն կունենան հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա, հաղորդել է «Արմենպրեսը»:
Հավելենք նաև, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն արդեն ժամանել է Թուրքիայի Ադըյաման քաղաք, որտեղ որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացնում հայ փրկարարները: Հայկական պատվիրակությանն օդանավակայանում դիմավորել է Ադըյամանի միջազգային որոնողափրկարարական խմբերի համակարգող, դիվանագետ Ջերեն Յազգանը: Նրա հետ առանձնազրույցից հետո Արարատ Միրզոյանը կհանդիպի Ադըյամանում որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող հայ փրկարարների հետ: Աղետի գոտում ՀՀ արտգործնախարարին ուղեկցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։