Արմինֆո. Կա Հարավային Կովկասից Ռուսաստանին դուրս մղելու հավանականություն։ Այն բարձր չէ, քիչ հավանական է, բայց, այնուամենայնիվ, կա։
Այդ մասին հունվարի 26-ին "Ռուս-հայկական ռազմավարական համագործակցության արդիական հարցեր" Մոսկվա-Երեւան տեսակամուրջի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ՄՄՀՊԻ-ի միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, "Միջազգային վերլուծություն" ամսագրի գլխավոր խմբագիր, քաղաքական գիտությունների թեկնածու Սերգեյ Մարկեդոնովը ՝ անդրադառնալով տարածաշրջանից ՌԴ-ին դուրս մղելու հնարավորությանը։ Սակայն, ըստ նրա, ռուսական կողմը պետք է աշխատի, որպեսզի զրոյացնի նման հնարավորությունը, որպեսզի, ընդհանրապես, նման հարց դնելու հավանականություն չլինի։
Իր հերթին՝ քաղաքագետ, Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների և կանխատեսումների ինստիտուտի տնօրեն Դմիտրի Եգորչենկովը նույնպես համաձայնել է իր գործընկերոջ հետ, որ ոչինչ բացառել չի կարելի: Սակայն, նա համոզված է, որ դա տեղի չի ունենա վաղը կամ վաղը չէ մյուս օրը: "Եթե մենք համատեղ ջանքեր գործադրենք, նույնիսկ, նվազագույն, ապա դա տեղի չի ունենա։ Իսկ այն, որ Հայաստանն այժմ ավելի ակտիվորեն օգտագործում է լրացուցիչ հնարավորությունները ՝ լինի դա եվրոպական, թե ամերիկյան, ապա դրանում ուղղակի վատ բան չեմ տեսնում։ Համաձայն եմ ընդհանուր տրամաբանության հետ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու համար պետք է օգտագործվեն բոլոր հնարավորությունները", - նշել է քաղաքագետը։
Նրա խոսքով, եթե իրավիճակային կերպով դրա համար կարող է օգտագործվել պարոն Բլինքենը (ԱՄՆ պետքարտուղար - խմբ.), ապա՝ ինչու ոչ ։ "Այլ հարց է, որ այդ դրական բաների հետ մեկտեղ բաց չթողնենք այն, ինչը սովորաբար լինում է մեր արեւմտյան գործընկերների փաթեթում", - կարծում է փորձագետը:
Անդրադառնալով այն մեղադրանքներին, թե "Ռուսաստանի փափուկ ուժը չի աշխատում", Եգորչենկովը նշել է, որ երկար տարիներ պայքարել է դրա դեմ, քանի դեռ չի հասկացել, որ այն չի էլ կարող աշխատել, քանի որ ռուսական կոնցեպտ չէ։ "Փափուկ ուժը չի գործում, քանի որ դա ոչ թե ռուսական կոնցեպտ է, այլ՝ ամերիկյան։ Եվ ամերիկացիների մոտ այն աշխատում է, իսկ մյուսների մոտ, ակնհայտորեն, ոչ, քանի որ այդպես էլ պլանավորված էր սկզբունքորեն։ Դրա համար էլ հայ-ռուսական հարաբերություններում պետք է ոչ թե փափուկ ուժ, այլ ընդհանուր մի բան։ Ընդհանուր ջանքերով կարելի է հասնել իրական արդյունքների", - ամփոփել է նա։
Իր հերթին՝ քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը տեսականորեն հնարավոր է համարում ՌԴ-ի դուրս մղումը տարածաշրջանից։ "Եվ գործնականում, որոշակի պայմանների առկայության դեպքում։ Ես նկատի ունեմ, որ եթե բնակչության մեծ մասը համաձայնի այլընտրանքին, այսինքն, տարածաշրջանում Թուրքիայի ազդեցության մեծացմանը", - ասել է նա, այդ առումով ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ Հայաստանում կան քաղաքական ուժեր, ընդ որում, ոչ ընդդիմադիր, որոնք պնդում են Թուրքիայի հետ շատ սերտ և բարիդրացիական հարաբերությունները։
Նրա խոսքով ՝ օվերտոնի պատուհանը, որի մասին այնքան շատ են խոսում Հայաստանում, այնքան է ընդլայնվել, որ երկրում իշխանափոխությունից ընդամենը մի քանի տարի անց դա արդեն հնարավոր է համարվում։ Այս առումով նա մատնանշել է Հայաստանի և Եվրոպայի միջև հարաբերությունների սերտացումը։ "Հայաստանում ընթանում են գործընթացներ, որոնք ցույց են տալիս, որ երկրում կան ուժեր, որոնք դեմ չեն այս փուլում Ռուսաստանին փոխարինել հենց նույն Արևմուտքով։ Այլ բան է, որ Արևմուտքն առայժմ գործուն քայլեր չի ձեռնարկում այդ ուղղությամբ", - եզրափակել է նա։