Արմինֆո. Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Արևիկ» բուժմիավորումում «ընդերային լեյշմանիոզ» ախտորոշմամբ 4 ամսական երեխան օրեր շարունակ գտնվում է ծանր վիճակում՝ տեղի բժիշկների վերահսկողության տակ։ Այդ մասին հաղորդում է Արցախի առողջապահության նախարարությունը:
«Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ այսօր երեխան տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոն», - ասվում է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դեկտեմբերի 21-ին քննել էր Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու վերաբերյալ ՀՀ կառավարության միջնորդությունը։ Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի հաղորդագրության համաձայն, ՄԻԵԴ-ը որոշել է պարտավորեցնել Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները ՝ ապահովելու համար Հայաստանում բուժօգնության կարիք ունեցող ծանր հիվանդ անձանց տեղաշարժը Լաչինի միջանցքով, ինչպես նաև ճանապարհին առանց տանիքի մնացած կամ ապրուստի միջոցների կարիք ունեցող անձանց անվտանգ տեղաշարժը:
Ավելի վաղ Արցախի առողջապահության նախարարությունը հաղորդել էր, որ "Արևիկ" բուժմիավորումում վերակենդանացման և նորածնային բաժանմունքում գտնվում է 13 երեխա։ "Հանրապետական բժշկական կենտրոնում" վերակենդանացման բաժանմունքում գտնվում էր 9 հիվանդ, որոնցից 1-ը մահացել է՝ Արցախի շրջափակման պատճառով անհրաժեշտ օգնություն ստանալու անհնարինության պատճառով: