Արմինֆո.Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն արձագանքել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այն հայտարարությանը, թե "Վաշինգտոնում պայմանավորվածություն է ձեռք բերվել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև արցախահայության իրավունքների և անվտանգության քննարկման համար միջազգային մեխանիզմ ստեղծելու մասին":
Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն, Հաջիևն ասել է, որ " Ղարաբաղում բնակվող հայերի իրավունքների և անվտանգության պաշտպանության միջազգային մեխանիզմների ստեղծման շուրջ պայմանավորվածության հասնելու մասին հայտարարությունները սուտ են": Սակայն Ադրբեջանի նախագահի օգնականը խոստովանել է, որ նման հարց քննարկվել է։ "Բանակցություններում որևէ հարցի քննարկումը չի նշանակում, որ այդ հարցի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Սեպտեմբերի 27-ին Վաշինգտոնում Սպիտակ տանը կայացած հանդիպմանը, որը կազմակերպել էր ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը, մենք հաստատեցինք, որ Ադրբեջանը Ղարաբաղում բնակվող հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը չի քննարկելու որևէ միջազգային գործընկերոջ հետ, դա մեր երկրի գործն է", - հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ Ազգային ժողովում Հաջիևի այս հայտարարությանը արձագանքել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը: Արմեն Գրիգորյանը նշել է, որ կան բաներ, որոնք չի կարելի հերքել։ "Դահլիճում ընթացած բանակցություններին մասնակցել է ոչ միայն հայկական կողմը, այլև ամերիկյան կողմը, և այդ մասին կա արձանագրություն, որի մասին տեղյակ է ադրբեջանական կողմը, և ես զարմացած եմ, որ Բաքուն հերքում է փաստերը", - ասել է Գրիգորյանը։
Նշենք, որ ուղիղ բանակցությունների եւ վերոհիշյալ միջազգային մեխանիզմի շուրջ քննարկումները մեկնարկել են սեպտեմբերի 27-ին Վաշինգտոնում Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Հիքմեթ Հաջիեւի եւ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հանդիպման ժամանակ: Այդ հանդիպումից հետո ԶԼՄ-ներում մի փաստաթղթի արտահոսք եղավ, որում որոշ պայմանավորվածություններ են արձանագրվել։ Փաստաթղթի արտահոսքից հետո պաշտոնական հերքում չի եղել ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Վաշինգտոնյան փաստաթղթում ուղիղ բանակցությունների մասին, մասնավորապես, նշվում էր. "Ադրբեջանի կառավարությունը ներկայացուցիչ կնշանակի Լեռնային Ղարաբաղի հայկական էթնիկ համայնքի համանման ներկայացուցչի հետ աշխատելու համար եւ կքննարկի Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը: Ներկայացուցիչները կապահովեն քննարկումների թափանցիկությունը միջազգային հանրությանը համար։ Կողմերը համատեղ քննարկելու են միջազգային դիտորդների դերը ՝ առանց վնասելու Ադրբեջանի ինքնիշխանությանը, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղում փոքրամասնությունների խմբի պաշտպանությունն ապահովելու համար"։