Արմինֆո.Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների հաստատման հարցը գտնվում է ակտիվ քննարկումների փուլում: Այդ մասին դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովում կառավարական ժամի ընթացքում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Նրա խոսքով՝ շրջանառության մեջ կա մի փաստաթուղթ, որը մշտապես խմբագրվում է։ Ներկայում Երևանն ստացել է Բաքվի հերթական պաշտոնական առաջարկները, որոնց ուսումնասիրությանը կհետևեն Հայաստանի հերթական պատասխան առաջարկները։ Ցավոք, արձանագրել է նախարարը, կողմերի դիրքորոշումները հարցերի մեծ մասի վերաբերյալ դեռ հեռու են իրարից, բայց դրա համար էլ կան բանակցություններ, որպեսզի փորձեն մերձեցնել այդ դիրքորոշումները։ "Բանակցությունների հերթական փուլը դեռ որոշված չէ, բայց, կարծում եմ, որ մինչև տարեվերջ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների ևս մեկ հանդիպում: Մենք պատրաստ ենք այդ հանդիպմանը, հայկական կողմը շատ ակտիվ է բանակցային գործընթացում՝ դրսեւորելով կառուցողական դիրքորոշում", - ասել է Միրզոյանը։
Նախարարը նշել է, որ Բաքուն մշտապես կեղծում է ձեռք բերված պայմանավորվածությունները։ Հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ԵՄ նախագահ Շառլ Միշելի քառակողմ հանդիպումը: Այդ հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել Պրահայի հանդիպման բոլոր չորս մասնակիցների մասնակցությամբ հաջորդ հանդիպման մասին, սակայն ադրբեջանական կողմը հրաժարվել է նման ձևաչափով մասնակցությունից: "Սա ոչ կառուցողական քայլ է Բաքվի կողմից, եւ այս պահի դրությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպման մասին որեւէ պայմանավորվածություն չկա", - ընդգծել է Արարատ Միրզոյանը: