Արմինֆո.Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը պահպանվում է, ընդ որում, ինչպես սահմանին, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում։ Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան՝ Ֆրանսիայի խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում։
Նրա խոսքով՝ "վերը նշվածը ցույց է տալիս անվտանգության երաշխիքների նկատմամբ վստահության բացակայությունը, որոնք Ռուսաստանն, իբր, տրամադրել է տարածաշրջանում"։
Այս համատեքստում նա նշել է Հայաստանին աջակցելու Ֆրանսիայի և Եվրամիության հանձնառությունը։ Որպես օրինակ նա հիշատակել է ԵՄ մոնիթորինգային առաքելության ծավալումը ադրբեջանահայկական սահմանազատման գծի հայկական կողմում։ Կոլոննան համոզված է, որ, թեև որոշ միջադեպեր մնում են, սակայն առաքելությունը, այնուամենայնիվ, սահմանափակել է էսկալացիայի ռիսկերը՝ վերահսկելով իրավիճակը սահմանին։ Դիվանագետը հավելել է, որ առաքելությունը պետք է մնա այնքան ժամանակ, որքան դրա անհրաժեշտությունը կլինի։ Եզրափակելով խոսքը՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարն ընդգծել է, որ Փարիզը շարունակելու է ջանքերը՝ երկու երկրների միջև խաղաղություն հաստատելու համար։
Հիշեցնենք, որ ԵՄ 40 մասնագետներից բաղկացած առաքելությունը Հայաստանում իր գործունեությունը սկսել է այս տարվա հոկտեմբերի 20-ին։ Ըստ հայտարարությունների՝ Հայաստանի տարածքում առաքելության գտնվելու ժամկետը պետք է սահմանափակվեր 2 ամսով։ Սակայն այժմ խոսակցություններ են գնում նրա գործունեությունը երկարաձգելու անհրաժեշտության մասին։