Արմինֆո. Դեկտեմբերի 1-ին Լոձում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սլովենիայի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Տանյա Ֆայոնի հետ:
Ինչպես հաղորդել է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությւոնը, Հայաստանի և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր և պատրաստակամություն հայտնել գործուն քայլեր ձեռնարկել հայ-սլովենական հարաբերություններում առկա ներուժն առավել արդյունավետ կյանքի կոչելու ուղղությամբ: Կողմերը մտքեր են փոխանակել միջազգային հարթակներում համագործակցության խորացման շուրջ։ Անդրադարձ է կատարվել միջազգային և տարածաշրջանային օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերին։ Այս համատեքստում Արարատ Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի առավելապաշտական դիրքորոշման և ագրեսիվ գործողությունների հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, անդրադարձել Հարավային Կովկասում կայունության և անվտանգության հաստատման վերաբերյալ հայկական կողմի մոտեցումներին։
Հանդիպման օրակարգում են եղել նաև Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությանն առնչվող հարցեր:
Նույն օրը Լոձում Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել նաեւ Սլովակիայի ԱԳ նախարար Ռաստիսլավ Կաչերի հետ: Նախարար Միրզոյանը շնորհավորել է գործընկերոջը՝ պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։
Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել զարգացնելու հայ-սլովակական փոխգործակցությունը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, ինչպես նաև միջազգային հարթակներում։
Արարատ Միրզոյանն ու Ռաստիսլավ Կաչերն անդրադարձ են կատարել նաև ԵՄ հետ Հայաստանի հարաբերությունների զարգացման օրակարգին։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գործընկերոջն է ներկայացրել ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ ադրբեջանական ագրեսիաների հետևանքով ի հայտ եկած անվտանգային և հումանիտար մարտահրավերները: Այս համատեքստում նախարար Միրզոյանը բարձր է գնահատել ԵՄ դիտորդական առաքելության դերը՝ ընդգծելով, որ իրավիճակը շարունակում է լարված մնալ:
Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումներին։