Արմինֆո.Դեկտեմբերի 1-ին ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Ռեինսալուի հետ։ Զրուցակիցները կարևորել են փոխադարձ վստահության և ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված երկկողմ հարաբերությունների զարգացումը:
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացմանը։
Արարատ Միրզոյանը և Ուրմաս Ռեինսալուն քննարկել են միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցեր։ ՀՀ ԱԳ նախարարն իր գործընկերոջն է ներկայացրել Հարավային Կովկասում կայուն և տևական խաղաղության հաստատման վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները։ Հայկական կողմը նաև կարևորել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը, որն իր նպաստն է բերում տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը:
Ինչպես հաղորդում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, Լոձում ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովի շրջանակներում Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել նաեւ Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ։ Արտգործնախարարները քննարկել են երկու եղբայրական ժողովուրդների կապերի վրա հիմնված հայ-հունական փոխգործակցության մի շարք հարցեր:
Կողմերը մտքեր են փոխանակել իրենց տարածաշրջանների և միջազգային անվտանգային իրավիճակի շուրջ։ Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները, Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը: Արարատ Միրզոյան շեշտել է, որ ադրբեջանական կողմի ռազմատենչ հռետորաբանությունը և վերջին շրջանում չդադարող սահմանային սադրանքները Ադրբեջանի զինված ուժերի կողմից նոր ագրեսիաների մեծ վտանգ են պարունակում։ Հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին։
ՀՀ ԱԳ նախարար լեհական Լոձ քաղաքում հանդիպում է նաեւ ունեցել Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի պետքարտուղար Լիվիա Լոյի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր, մտքեր փոխանակել միջազգային հարթակներում հաստատված արդյունավետ փոխգործակցության շուրջ: Զրուցակցիների ուշադրության կենտրոնում են եղել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգային հարցեր: Արարատ Միրզոյանը գործընկերոջը ներկայացրել է տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության հաստատման վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները` ընդգծելով Ադրբեջանի շարունակական սադրիչ գործողությունների ու ՀՀ ինքնիշխան տարածնքերի նկատմամբ իրականացվող ագրեսիաների անընդունելիությունը: Հայկական կողմն շեշտել է ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման և հումանիտար խնդիրների հասցեագրման հրամայականը: Երկուստեք կարևորվել է հրադադարի ռեժիմի խստորեն պահպանման անհրաժեշտությունը։
Դեկտեմբերի 1-ին ԵԱՀԿ նախարարական համաժողովի աշխատանքների շրջանակներում Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել նաեւ Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդբերգիսի հետ։
Զրուցակիցները կարևորել են Հայաստան-Լիտվա միջպետական հարաբերություններում առկա դրական դինամիկան՝ գոհունակություն հայտնելով պարբերաբար իրականացվող բարձր մակարդակի փոխայցելությունների կապակցությամբ: Առևտրատնտեսական կապերի զարգացման համատեքստում ընդգծվել է Համատեղ միջկառավարական հանձնաժողովի արդյունավետ աշխատանքների նշանակությունը։
Արարատ Միրզոյանը և Գաբրիելիուս Լանդսբերգիսն անդրադարձ են կատարել նաև միջազգային ու տարածաշրջանային օրակարգի մի շարք հրատապ հարցերի։ ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև կայուն և տևական խաղաղության հաստատման վերաբերյալ հայկական կողմի մոտեցումներն ու այս ուղղությամբ ներդրվող ջանքերը։ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի շարունակվող օկուպացիան, սադրիչ գործողությունները և ռազմատենչ հռետորաբանությունը վտանգում են տարածարշրջանային փխրուն կայունությունը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության գործունեություն շուրջ։ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ առաքելությունը դրական դեր է կատարում տարածաշրջանում կայունության ապահովման գործում: