Արմինֆո. Ֆրանսիայի կառավարությունում հայտարարել են, որ Հայաստանին աջակցության մասին բանաձեւը "չի արտացոլում երկրի պաշտոնական դիրքորոշումը":
Նոյեմբերի 30-ին կայացած ճեպազրույցի ժամանակ ճշգրտող հարցին, թե ինչպիսին է կառավարության դիրքորոշումը Հայաստանի եւ Ադրբեջանի վերաբերյալ Սենատի, այնուհետև Ազգային ժողովի կողմից ընդունված երկու բանաձևերի նկատմամբ, Ֆրանսիայի ԱԳՆ-ում, մասնավորապես, հայտարարել են, որ այդ տեքստը խորհրդարանական նախաձեռնություն է եւ չի արտացոլում Ֆրանսիայի կառավարության պաշտոնական դիրքորոշումը, այն ընդունվել է անկախ, իշխանությունների տարանջատման սկզբունքին համապատասխան:
ԱԳՆ-ում ընդգծել են, որ Ֆրանսիայի կառավարության դիրքորոշումը հայտնի է, այն արտացոլված է նախարարի, մասնավորապես, նոյեմբերի 29-ի այն հայտարարություններում, որ "Ֆրանսիան շարունակում է խրախուսել կողմերին առաջ շարժվել բանակցություններում՝ խաղաղության հնարավորության հասնելու համար":
"Այս համատեքստում հանրապետության նախագահն աջակցել է Պրահայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը, հանդիպում, որը, մասնավորապես, հանգեցրել է Հայաստանի տարածքում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայմանը", - ասված է հաղորդագրության մեջ:
Նկատենք, որ Ֆրանսիայի ԱԳՆ տեքստում վրիպակ կա, քանի որ պրահյան հանդիպմանը մասնակցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այլ ոչ թե՝ երկրի նախագահը։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Սենատի կողմից բանաձևն ընդունվել է նոյեմբերի 15-ին՝ ձայների գերակշռող մեծամասնությամբ, միայն մեկ օրենսդիր է ձեռնպահ մնացել քվեարկությունից։ Իսկ նախօրեին Ֆրանսիայի Ազգային ժողովը միաձայն բանաձեւ է ընդունել, որում, ի թիվս այլ դրույթների, կոչ է արվում անհապաղ եւ անվերապահորեն ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին եւ վերադարձնել նրանց հայրենիք; առաջարկվում է կառավարությանը դիտարկել անհատական պատժամիջոցների կիրառման հնարավորությունը Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի հարձակումների շարունակման եւ օկուպացիայի դեպքում; կոչ է հնչում կառավարությանը շարունակել միջնորդական ջանքերը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության խնդրի լուծման համար ՝ ԱԺ 2020թ. թիվ 502 որոշման դրույթներին համապատասխան (Նշված որոշմամբ առաջարկվում է, որ կառավարությունը ճանաչի Լեռնային Ղարաբաղը), կառավարությանն առաջարկվում է դիտարկել Հայաստանի պաշտպանունակության ուժեղացման հնարավորությունը, կոչ է հնչում միջազգային կազմակերպություններին ձեռնարկել բոլոր միջոցները ՝ Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում, Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային եւ կրոնական ժառանգության պաշտպանության համար: