Արմինֆո.Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային ՀԱՊԿ-ի արձագանքի վերաբերյալ որոշման բացակայությունը հսկայական վնաս է հասցնում կազմակերպության հեղինակությանը։ Այդ մասին նոյեմբերի 23-ին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Երեւանում կայացած ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստում։
"Վերջին երկու տարիների ընթացքում ՀԱՊԿ անդամ երկիր Հայաստանը առնվազն երեք անգամ ենթարկվել է Ադրբեջանի կողմից ագրեսիայի։ Ցավալի է, որ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին Ադրբեջանին հետ չի պահել ագրեսիվ գործողություններից եւ, առավել եւս, որ, փաստացի, մինչ օրս մեզ չի հաջողվել որոշում կայացնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային ՀԱՊԿ-ի արձագանքի վերաբերյալ", - հայտարարել է նա:
Ինչպես կարծում է Փաշինյանը, այդ փաստերը հսկայական վնաս են հասցնում ՀԱՊԿ-ի հեղինակությանը՝ ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ "Սա գնահատում եմ որպես ՀԱՊԿ - ում Հայաստանի նախագահության գլխավոր անհաջողություն", - ընդգծել է վարչապետը:
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ ՀԱՊԿ-ը հաջողությամբ արձագանքել է Ղազախստանի նախագահի կոչին՝ աջակցել ընթացիկ տարվա հունվարին երկրում իրավակարգի վերականգնման հարցում: "Տվյալ դեպքում մենք հարցը լուծել ենք մեկ գիշերվա ընթացքում, ինչը թույլ է տվել Ղազախստանին խուսափել ներպետական քաոսից", - ասել է Հայաստանի կառավարության ղեկավարը: