Արմինֆո. Այսօր հայ հասարակությանը հուզող կարևորագույն խնդիրը շարունակում է մնալ չլուծված Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը։ "
Հարավային Կովկասում առկա գործընթացները. Ռուսաստանի դերը տարածաշրջանային կայունության ապահովման գործում" կլոր սեղան-քննարկման ժամանակ այդ մասին հայտարարել է քաղաքական վերլուծաբան, "Ինտեգրացիա և զարգացում" ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը։
Անդրադառնալով Սոչիում և Վաշինգտոնում կայացած հանդիպումներին՝ Սաֆարյանն ասել է, որ այսօր ուժի աշխարհաքաղաքական խոշոր կենտրոնների միջև մրցակցություն է ընթանում ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար, և պետք է փորձել հասկանալ ՝ այդ մրցակցությունը լավն է, թե վատը, և արդյոք այն համապատասխանում է մեր ազգային շահերին։
"Իմ խորին համոզմամբ, այն փաստը, որ կողմերը, համաձայն Սոչիի համաձայնագրի, պարտավորվել են ուժ չկիրառել, կարեւոր, լուրջ եւ անփոխարինելի ներդրում է կայունության հաստատման գործում։ Սոչիի հռչակագիրը եւս մեկ անգամ ապացուցում է, որ Ռուսաստանի միջնորդությամբ բանակցություններն այլընտրանք չունեն, եւ կարելի է համարձակորեն պնդել, որ Ռուսաստանն արտոնյալ կարգավիճակ ունի այդ հակամարտության կարգավորման եւ տարածաշրջանում խաղաղության հաստատման միջնորդության մեջ", - ընդգծել է նա:
Խոսելով Արևմուտքի դերի մասին՝ Սաֆարյանը նշել է, որ մրցակցությունն, իհարկե, ակնհայտ է, բայց դա վտանգավոր չէ Հայաստանի համար, այլ, ընդհակառակը, լրացնում է մեր արտաքին քաղաքականության հայեցակարգը։
"Այո, միջնորդ կողմերի միջև կա մրցակցություն, նրանց նպատակն է ամրապնդել իրենց դերը Հարավային Կովկասում։ Բայց եթե 2020 թվականից հետո Հայաստանը շարունակում է պնդել, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակի իր գործունեությունը, որ ղարաբաղյան հակամարտությունը մինչ օրս կարգավորված չէ, ապա ինչպե՞ս կարող ենք առաջ մղել այդ հայեցակարգը, եթե մենք չենք օգտվում այդ ուժային կենտրոնների ջանքերից։ Մենք շնորհակալ ենք Ֆրանսիային ընդունած բանաձևի համար։ Բայց մենք նաև հասկանում ենք, որ որքան էլ հզոր լինի Ֆրանսիան, նա միայնակ չի կարող դիմակայել թուրք-ադրբեջանական տանդեմին։ Իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միասնությունը կօգնի մեզ լինել ուժեղ և անկախ Ադրբեջանի հետ կապված հարցերում", - կարծում է Արամ Սաֆարյանը, հավելելով, թե Հայաստանում պետք է հասկանան, որ միայն Ռուսաստանն ունի հակամարտող կողմերի վրա ներգործության ամենանշանակալի դերը։
Նշենք, որ կլոր սեղանը կազմակերպվել է "Միջազգային հումանիտար զարգացում" հասարակական կազմակերպության կողմից՝ հայաստանյան բուհերի շուրջ չորս տասնյակ ուսանողների եւ փորձագետների մասնակցությամբ: