Արմինֆո. ԱՄՆ պետքարտուղարի մասնակցությունը Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղ ապագայի ապահովման գործում Միացյալ Նահանգների հանձնառության անմիջական արդյունքն է: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի տեղակալ Վեդանտ Փաթելը։
ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը դժվարացել է նշել Վաշինգտոնի միջնորդությամբ Երևանի և Բաքվի միջև հաջորդ հանդիպման ժամկետները, ինչպես նաև ինչ-որ այլ բան ավելացնել այդ հարցի շուրջ, միայն ընդգծելով, որ թե Պետդեպարտամենտը, թե պետքարտուղար Բլինքենը մեծ ուշադրություն են դարձնում այդ հարցին։ "Եվ, ի վերջո, մենք կարծում ենք, որ ուղիղ երկխոսությունն այդ խնդրի լուծման բանալին է, և դա է պատճառը, որ մենք շարունակում ենք շատ խորը զբաղվել դրանով", - ասել է նա:
Նշենք, որ ավելի վաղ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն առանձին հեռախոսային բանակցություններ է վարել Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հետ, որոնց ընթացքում պետքարտուղարը կողմերին կոչ է արել ծրագրել հետագա բանակցությունները, ինչպես դա ավելի վաղ համաձայնեցվել էր Վաշինգտոնում: