Արմինֆո. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Փաշինյանին կոչ է արել աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների խթանմանը:
"Ես վարչապետ Փաշինյանին կոչ եմ արել աջակցել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղ բանակցությունների խթանմանը նոյեմբերի 7 - ին Վաշինգտոնում (Հայաստանի եւ Ադրբեջանի – խմբ.) արտգործնախարարների բանակցություններից հետո։ Միացյալ Նահանգները նախկինի պես հանձնառու է այդ ջանքերին", - գրել է Բլինքենը Twitter-ում։
Նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, մասնավորապես, նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում տեղի ունեցած Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների և դրան հետևած եռակողմ հանդիպման վերաբերյալ:
Պետքարտուղար Բլինքենը ԱՄՆ պատրաստակամությունն է հայտնել շարունակելու աջակցությունը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում: Վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել ԱՄՆ ջանքերը և պետքարտուղար Բլինքենի անձնական ներգրավվածությունը: Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել քննարկումները տարածաշրջանում անվտանգության և կայունության մակարդակի բարձրացմանն ուղղված քայլերի, այդ թվում հումանիտար հարցերի կարգավորման վերաբերյալ: