Արմինֆո. Մեզ համար շատ կարևոր է ադրբեջանական զորքերի դուրս բերման հարցը Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտուց, ուր նրանք ներխուժել են այս տարվա մարտին։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հոկտեմբերի 31-ին Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ:
ՀՀ կառավարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, վարչապետը հավելել է, որ, հակառակ ամենաբարձր մակարդակով պայմանավորվածությունների, ադրբեջանական զորքերը դեռ դուրս չեն եկել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտուց։ «Հույս ունեմ, որ այսօրվա քննարկումների արդյունքում այս հարցը կլուծվի», - ասել է Փաշինյանը:
«Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացին, ապա նախքան սահմանազատման աշխատանքների սկիզբը՝ մենք բազմիցս ընդգծել ենք, որ դրան պետք է նախորդի ադրբեջանա-հայկական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելու մեխանիզմների ստեղծումը։ Ռուսաստանի դիրքորոշումը կայանում էր նրանում, որ սահմանազատման հանձնաժողովի ձևավորումն ու աշխատանքը ինքնին կդառնա սահմանների անվտանգության մեխանիզմ։
Անկեղծ ասած, այն ժամանակ մենք չէինք կիսում այս դիրքորոշումը, բայց ի վերջո որոշեցինք հիմնվել մեր ռազմավարական դաշնակցի, այսինքն Ռուսաստանի մեկնաբանության վրա։ Չնայած դրան, այս տարվա սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը նոր ագրեսիա նախաձեռնեց Հայաստանի դեմ և օկուպացրեց մեր երկրի նոր տարածքներ։ Մեզ համար շատ կարևոր է Ռուսաստանի Դաշնության հստակ դիրքորոշումն այս հարցում, ըստ որի` անհրաժեշտ է ադրբեջանական զորքերը դուրս բերել ելման դիրքեր 2021 թ-ի մայիսի 11-ի դրությամբ:
Ինչ վերաբերում է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, ապա Դուք գիտեք, որ Հայաստանը շատ շահագրգռված է դրանում։ Եվ մենք պատրաստ ենք ցանկացած պահի կոնկրետ որոշումներ ընդունել՝ հիմնվելով 2020 թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի և 2021 թ.-ի հունվարի 11-ի եռակողմ հայտարարության վրա։ Այս համատեքստում մենք հիմնվում ենք նաև Ձեր՝ 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի «Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանմանն ուղղված միջոցառումների մասին» հրամանագրի 3-րդ կետի և 2020 թ-ի նոյեմբերի 9-ի Ձեր հեռուստաուղերձի վրա, որոնցում արտացոլված են մեր պայմանավորվածությունները։
Իսկ հարցի էությունը հետևյալն է. Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող հաղորդակցությունները պետք է լինեն Հայաստանի Հանրապետության լիակատար վերահսկողության ներքո և գործարկվեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։ Ռուսաստանի ԱԴԾ սահմանային ծառայությունը պետք է վերահսկողություն իրականացնի վերոնշյալ պայմանավորվածությունների կատարման նկատմամբ», - ասել է վարչապետը։
Նա նաեւ ընդգծել է Ադրբեջանում պահվող բոլոր Հայաստանի քաղաքացիների ազատ արձակման և հայրենադարձության հարցի կարևորությունը։ «Չնայած այն հանգամանքին, որ մենք տասնյակ անգամներ քննարկել ենք այս հարցը, և հակառակ 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ հարցը մինչ օրս չի լուծվել։ Շնորհակալ եմ: Ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Ձեզ Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և անվտանգության համար գործադրած ջանքերի համար», - եզրափակել է Հայաստանի վարչապետը։