Արմինֆո. Հայաստանի ղեկավարությունը Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծելու քաղաքական կամք ունի։ Այդ մասին հոկտեմբերի 31-ին Սոչիում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուրինը՝ բացելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը։
«Մենք տեսնում ենք մեր գործընկերների մոտեցումներն այն բանի նկատմամբ, ինչ կատարվում է հայ-ադրբեջանական սահմանին և Ղարաբաղի շուրջ։ Այդ հակամարտությունը շարունակվում է արդեն տասնամյակներ: Այնուամենայնիվ, ինչ-որ ժամանակ այն պետք է ավարտվի: Գիտեմ, որ դուք քաղաքական կամք ունեք դրա համար։ Մենք ամեն կերպ դրան աջակցում ենք: Պետք է գտնել առանցքային պահերը, որոնք թույլ կտան մեզ առաջ շարժվել", - ասել է Պուտինը։
Ինչպես կարծում է ՌԴ ղեկավարը, պետք է ելնել այն բանից, որ ամենագլխավորը խաղաղության ապահովումն է եւ զարգացման համար պայմանների ստեղծումը, այդ թվում՝ Հայաստանի տնտեսության համար։ «Տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը, նոր երթուղիների ստեղծումը, այս բոլոր հարցերը կապված են տնտեսության, սոցիալական ոլորտի զարգացման հետ: Ի վերջո, դա այն է, ինչի համար մենք աշխատում ենք: Այսօր մենք պետք է խոսենք այս բոլոր հարցերի շուրջ։ Լիահույս եմ, որ մենք առաջ կգնանք ։ Մենք միշտ ելնում ենք այն բանից, որ Հայաստանը մեր ռազմավարական գործընկերն է, դաշնակիցը՝ հնագույն ժամանակներից ի վեր։ Մեզ համար սա առանձնահատուկ իրավիճակ է", - նշել Է Վլադիմիր Պուտինը։ ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ հանդիպման արդյունքում կհաջողվի առաջ շարժվել։