Արմինֆո. Համեմատելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման երկու բանաձևերը (ՌԴ-ի եւ Արեւմուտքի – խմբ.)՝ մենք տեսնում ենք, որ Արևմուտքի բանաձեւը կհանգեցնի այն բանին, որ մենք վերջնականապես կկորցնենք Արցախը։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք է հայտնել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
Լրագրողների այն դիտարկմանը, թե Կրեմլը առաջ է մղում Հայաստանի տարածքով "միջանցքի" հարցը, Օհանյանը հակադարձել է, նշելով, որ ընթանում են ճանապարհներ, ենթակառուցվածքներ բացելու գործընթացներ։
Պաշտպանության նախկին նախարարը նշել է, որ, իրականում, ոչ Արևմուտքը, ոչ էլ ՌԴ-ը Հայաստանի թշնամիները չեն: «Պարզապես, մեր իշխանությունները չպետք է մեր երկիրը նետեն շահերի բախման կենտրոն», - ասել է նա:
Ըստ Օհանյանի, յուրաքանչյուր երկիր պետք է կարողանա ինքնուրույն պաշտպանել իր սահմանները, պետք է կարողանա համապատասխան որոշումներ կայացնել։ Օհանյանն այս կապակցությամբ ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունն ի վիճակի է ինքնուրույն պաշտպանել իր սահմանները, բայց միայն այն դեպքում, եթե փոխվի իշխանությունը։
Նշենք, որ ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկությունների համաձայն, Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման բրյուսելյան բանաձևը ենթադրում է Արցախի հանձնում Ադրբեջանի կազմ։ Այդ ուղերձները դիտվում են նաև արևմտյան առաջնորդների հայտարարություններում։
Աղբյուրի համաձայն, կարգավորման ռուսական բանաձևն առաջարկում է հետաձգել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը և ենթադրում է միայն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորում։ Նշվում է, որ խաղաղության պայմանագրի ռուսական տարբերակը նախատեսում է տրանսպորտային հաղորդակցության տրամադրում Ադրբեջանի և նրա էքսկլավ Նախիջևանի միջև, որը կվերահսկվի ռուս սահմանապահների կողմից: