Արմինֆո.Ֆրանսիայի Օվերն Ռոն Ալպ նահանգի շրջանային խորհուրդը լիագումար նիստի ընթացքում կայացած քվեարկությամբ հաստատել է Սյունիքի մարզին 300 000 եվրո հատկացնելու նախագիծը: Այդ մասին ասվում է Սյունիքի մարզպետարանի ֆեյսբուքյան էջում զետեղված հաղորդագրությունում:
«Տարածաշրջանային մոբիլիզացիոն ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանին Ադրբեջանի կողմից ագրեսիայի ենթարկվելուց հետո, ինչպես նաև ակտիվացնել համագործակցությունը Սյունիքի ռազմավարական մարզի հետ։ Քվեարկությանը ներկա է եղել նաեւ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը», ասվում է հաղորդագրությունում։
Հաղորդվում է նաեւ, որ հոկտեմբերի 20-ին Օվերնյ Ռոն Ալպ ռեգիոնի շրջանային խորհրդում ռեգիոնի նախագահ Լորան Վոքիեն, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հանդես են եկել համատեղ մամուլի հայտարարությամբ՝ ս․թ․ սեպտեմբերի 13-14-ը ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի և դրա հետևանքների, Օվերնյ Ռոն Ալպ ռեգիոնի և Հայաստանի միջև ձևավորված արդյունավետ համագործակցության, ինչպես նաև ռեգիոնի և Սյունիքի մարզի միջև գործընկերության հաստատման մտադրության վերաբերյալ։
«Իր խոսքում դեսպան Տոլմաջյանը բարձր գնահատեց նախագահ Վոքիեի՝ ադրբեջանական մշտական սպառնալիքների տակ գտնվող Սյունիքի հետ գործընկերության հաստատման հանձնառությունը։
Իբրև միջոցառման արդյունք՝ ՀՀ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը և Օվերնյ Ռոն Ալպ ռեգիոնի նախագահ Լորան Վոքիեն, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանի ներկայությամբ, ստորագրեցին հայտարարություն «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի և Ֆրանսիական Հանրապետության Օվերնյ Ռոն Ալպ ռեգիոնի միջև գործընկերության մտադրության մասին», - նշվում է հաղորդագրությունում։