Արմինֆո.Հոկտեմբերի 20-ին Լիսաբոնում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Պորտուգալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև։ Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Արա Մարգարյանը, իսկ պորտուգալական կողմից՝ Պորտուգալիայի ԱԳՆ Եվրոպական հարցերի դեպարտամենտի ղեկավար Պաուլո Սանտոշը: Խորհրդակցություններին մասնակցում էր նաև Պորտուգալիայում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը։
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, ընդգծելով, որ այս տարի նշվում է հայ֊պորտուգալական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանը՝ կողմերը հանգամանալից քննարկել են երկկողմ քաղաքական օրակարգի հարցերի լայն շրջանակ։ Անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵՄ գործընկերությանը, Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) կիրարկմանը և Հայաստանում ընթացող լայնածավալ բարեփոխումների գործընթացներին։
Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են նաև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանն ուղղված քայլեր, մտքեր են փոխանակվել ոլորտային ուղղություններով փոխգործակցությունը խթանելու և թիրախավորված նախաձեռնություններով հանդես գալու անհրաժեշտության շուրջ։ Երկուստեք կարևորվել է նաև միջազգային հարթակներում շարունակական համագործակցությունը։
Զրուցակիցներն անդրադարձել են նաև միջազգային և տարածաշրջանային զարգացումներին։ Արա Մարգարյանը պորտուգալական կողմին մանրամասն ներկայացրել է 44-օրյա պատերազմի և Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացվող ագրեսիայի մանրամասներն ու հումանիտար հետևանքները: Վերահաստատվել է ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման, ինչպես նաև Ադրբեջանում ապօրինաբար պահվող բոլոր հայ ռազմագերիների անհապաղ հայրենադարձման հրամայականը՝ այս համատեքստում անհրաժեշտ համարելով գործընկեր պետությունների հասցեական հայտարարությունները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել նման ձևաչափով շփումներին հաղորդել կանոնավոր բնույթ։