Արմինֆո. Եվրամիության դիտորդական առաքելությունը հոկտեմբերի 20-ին սկսել է աշխատանքը հայ-ադրբեջանական սահմանին։ Այդ մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովին ժամանելուն պես։
"Այսօր սկսվել է մեր առաքելության ծավալումը", - ասել է նա, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Եվրամիության 27 երկրների արտաքին գործերի նախարարները երկուշաբթի Լյուքսեմբուրգում համաձայնեցրել են քաղաքացիական առաքելությունը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանին խնդիրների լուծման համար: Նրանք որոշում են կայացրել ԵՄ մինչև 40 փորձագետների ուղարկել Ադրբեջանի հետ սահմանի հայկական կողմ՝ դիտարկելու, վերլուծելու և տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ հաշվետվություններ կազմելու համար։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հոկտեմբերի 7-ին Պրահայում կայացած բանակցությունների արդյունքում հայտարարել են, որ ԵՄ - ն առաքելություն կուղարկի հայ-ադրբեջանական սահման: