Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառում սահմանին ԵՄ մոնիթորինգային առաքելության երկարաձգումը։ Այդ մասին նա հայտարարել է հոկտեմբերի 20-ին կառավարության նիստում։
Փաշինյանը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ԵՄ քաղաքացիական դիտորդների առաքելության մեկնարկը: Նա հիշեցրել է, որ համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել հոկտեմբերի 4-ին Պրահայում կայացած քառակողմ հանդիպման ժամանակ։ "Պետք է գոհունակությամբ նշեմ, որ ԵՄ գործընկերները շատ արագ արձագանքեցին, որոշում կայացրեցին, և նախապատրաստական խումբն արդեն աշխատում է Հայաստանում։ Առաջիկայում Հայաստան կժամանի հիմնական խումբը՝ 40 հոգանոց դիտորդական առաքելությունը", - ասել է նա։
Ինչպես նշել է վարչապետը, ի սկզբանե նախատեսվում էր, որ դիտորդական առաքելությունը պետք է աշխատի 2 ամիս։ Միաեւնույն ժամանակ, փորձագիտական հանրության շրջանում կարծիքներ են հնչում այն մասին, որ այդ առաքելության ժամկետը երկարացվի կամ այն դառնա անժամկետ, հավելել է Փաշինյանը:
«Ես դրանում վստահ չեմ, բայց, ամեն դեպքում, դա թեմա է, որը քննարկվում է մեր հասարակության շրջանում և փորձագիտական շրջանակներում: Եվ, եթե մենք տեսնենք նման հնարավորություն և անհրաժեշտություն, ապա չենք բացառում, որ խնդիրն ավելի խորը կուսումնասիրենք", - ընդգծել է ՀՀ վարչապետը։