Արմինֆո. 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության արդյունքում Հայաստանի զինված ուժերը Արցախի տարածքների նկատմամբ ոչ մի վերահսկողություն չունեն, եւ դա փաստ է:
Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հոկտեմբերի 18-ի մամուլի ասուլիսի ժամանակ, որը կայացել է Երևան ժամանած ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի նախագահ Դեյվիդ Փրայսի մասնակցությամբ:
Աղաջանյանը, մասնավորապես, ընդգծել է, որ հետպատերազմյան շրջանում Հայաստանն աննախադեպ ֆինանսական օգնություն է տրամադրել Արցախին և շարունակելու է տրամադրել: "Սակայն, կարծում եմ, որ դժվար է ֆինանսական օգնությունը հավասարեցնել ռազմական երաշխիքներին։ Եվ այս կապակցությամբ, կարծում եմ, պետք է արձանագրել, որ արցախցիների անվտանգությունը և այն, որ մեր հայրենակիցները շարունակում են ապրել իրենց հայրենիքում, պայմանավորված է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայությամբ", - ասել է նա։ Միաժամանակ, խորհրդարանականը կարևորել է ԱՄՆ-ի և միջազգային հանրության մասնակցությունն Արցախի Հանրապետության քաղաքացիների անվտանգության ապահովման գործընթացին, ինչպես նաև կարևորել հայկական դիվանագիտության ջանքերը, ինչի արդյունքում այդ ներգրավվածությունը պետք է լինի ավելի խորը և ընդգրկուն: "Կարծում ենք, որ սա հարցի լուծման հիմնական և ամենաիրատեսական ճանապարհն է", - եզրափակել է նա: