Արմինֆո. Բաքվից պատասխանել են հաղորդակցությունների վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկներին։
"Հայաստանը պետք է հրաժարվի կեղծ պատրվակներ օգտագործելուց՝ "Զանգեզուրի միջանցքով" ավտոմոբիլային եւ երկաթուղային ճանապարհները միացնելու վերաբերյալ 2020թ. նոյեմբերի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորություններից խուսափելու նպատակով։ Կապի համար հսկիչ-անցագրային կետերի 3 անիրատեսական տարբերակ առաջարկելը, ընդ որում, անտեսելով 20 ամսվա քննարկումները, լավագույն քաղաքականությունը չէ", - նշել են Ադրբեջանի ԱԳՆ-ում «Թվիթերում»՝ արձագանքելով ՀՀ վարչապետի թվիթերրյան գրառմանը։
Նշենք, որ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ չեն օգտագործվում այնպիսի տերմիններ, ինչպես՝ միջանցքը, որն այսօր Ադրբեջանը փորձում է ուժային ճանապարհով առաջ մղել։ ՀՀ վարչապետն այսօր հայտարարել է, որ Երեւանը դրական արձագանք է ակնկալում Բաքվից՝ սահմանային անցակետեր բացելու առաջարկին: "Հայ-ադրբեջանական սահմանին երեք անցակետերի բացման մասին կառավարության որոշման նախագիծն արդեն մի քանի ամիս շրջանառության մեջ է դրվել", - գրել է նա Twitter - ում:
Հիշեցնենք, որ ս. թ. օգոստոսին Ազգային անվտանգության ծառայությունը շրջանառության մեջ է դրել մի նախագիծ, որով նախատեսվում է հայ-ադրբեջանական սահմանին երեք նոր հսկիչ անցակետերի ստեղծում: Ըստ նախագծի ՝ անցակետերը տեղակայվելու են Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքից մինչև ՀՀ պետական սահման, Մ11 ավտոմոբիլային ճանապարհի վրա, ինչպես նշված է նախագծում, ադրբեջանական կողմից ՝ Քարվաճառի (Քելբաջար) ուղղությամբ, Արարատի մարզի Երասխ համայնքում՝ Սադարակի ուղղությամբ, Սյունիքի մարզի Քարահունջ համայնքից մոտ 7,5 կմ դեպի հարավ՝ Մ2 ավտոմոբիլային ճանապարհով՝ դեպի Սանասար (Գուբադլի):