Արմինֆո. Ֆրանսիան լիովին համերաշխ է Հայաստանի հետ նրա տարածքային ամբողջականության խախտումներին դեմ հանդիման եւ միջոցներ է ձեռնարկում։ Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան՝ Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով ԵՄ առաքելության ուղարկմանը Հայաստան։
Նա հիշեցրել է, որ հենց սկզբից, այսինքն, սեպտեմբերի 13-ի հարվածներից հետո, Ֆրանսիան կենտրոնացրել է ջանքերը իրավիճակը տեղերում կայունացնելու համար, ադրբեջանական ուժերի վերադարձը ելման դիրքեր պահանջելու եւ երկու երկրների միջեւ բանակցությունների վերսկսմանը աջակցելու նպատակով:
"Ձեր նշած գագաթաժողովը, որը կազմակերպել էր Ֆրանսիայի Հանրապետության նախագահը Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպման շրջանակներում, այսինքն, հոկտեմբերի 6-ին Պրահայում, մեկտեղել էր Ֆրանսիայի նախագահին, Եվրոպական խորհրդի նախագահին, Հայաստանի վարչապետին և Ադրբեջանի նախագահին։ Դա հանգեցրել է կարեւոր արդյունքների", - ասել է ֆրանսիացի դիվանագետը։
Այս համատեքստում նա ընդգծել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել մինչեւ ամսվա վերջ Հայաստանի տարածքում ստեղծել Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն՝ սահմանի երկայնքով, երկու ամիս ժամկետով:
"Այդ առաքելության նպատակն է կայունացնել իրավիճակը և գործընթաց նախաձեռնել կողմերի միջև։ Մասնավորապես, մենք կցանկանայինք, որ այդ առաքելությունը կարողանար իր ներդրումն ունենալ սահմանի սահմանազատման գործընթացում, որը կվերսկսվի առաջիկա օրերին։
Միևնույն ժամանակ, մենք աշխատում ենք ԵԱՀԿ փաստահավաք առաքելության ստեղծման ուղղությամբ. ես ձեզ այդ մասին ասել եմ, իրավիճակի և պահանջների, մասնավորապես, հումանիտար պահանջների օբյեկտիվ գնահատման համար՝ բախումներից հետո։
Ինչպես գիտեք, Հայաստանը կարող է ապավինել Ֆրանսիայի աջակցությանը։ Մենք աշխատում ենք խաղաղության համար՝ նրա շահերից ելնելով", - ամփոփել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը։