Արմինֆո.Երեկ երեկոյան Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի հարթակներում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջին հանդիպումը։
Ինչպես հաղորդում են համաշխարհային ԶԼՄ-ները, հանդիպմանը կարևորվել են ուղիղ շփումները և բարձր մակարդակի հանդիպումները՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման համատեքստում:
Նիկոլ Փաշինյանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը և այդ ուղղությամբ հնարավոր հետագա քայլերը:
Ընդգծվել է նաեւ երկու երկրների հատուկ ներկայացուցիչների քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների շուտափույթ իրականացման անհրաժեշտությունը: Մասնավորապես, խոսքը վերաաբերում է երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանի բացման, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ուղիղ ավիափոխադրումների իրականացմանը։
Հանդիպումից հետո Թուրքիայի Հանրապետության ղեկավարը լրագրողներին հաղորդել է, որ Թուրքիան հավատում է Հայաստանի հետ հարաբերությունների լիակատար կարգավորման հնարավորությանը։ Նա նաեւ հայտնել է, որ առաջիկայում մտադիր է բանակցել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ:
Հիշեցնենք, որ մինչ այդ տեղի էր ունեցել Նիկոլ Փաշինյանի, Էմանուել Մակրոնի, Շառլ Միշելի եւ Իլհամ Ալիեւի քառակողմ հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ գործընթացին վերաբերող հարցեր: