Արմինֆո. Միջազգային հանրության ներկայացուցիչները շարունակում են հանդես գալ հայտարարություններով, որոնցում դատապարտում են Ադրբեջանի ԶՈՒ կողմից հայ անզեն ռազմագերիների գնդակահարությունը։
Մասնավորապես, Կիպրոսի ԱԳՆ-ն իր հայտարարության մեջ սարսափ է հայտնում Ադրբեջանի զինված ուժերի կողմից անզեն հայ ռազմագերիների գնդակահարության կապակցությամբ։ "Մենք եւս մեկ անգամ կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին, ինչպես նաեւ մանրակրկիտ հետաքննել մահապատիժները եւ պատասխանատվության ենթարկել մեղավորներին", - ընդգծել են Կիպրոսի ԱԳՆ-ում:
Միեւնույն ժամանակ, Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունն ընդգծել է, որ ադրբեջանցի զինվորների կողմից անզեն հայ գերիների գնդակահարության մասին վերջին հաղորդագրություններ խորապես մտահոգում են ԱՄՆ-ին։ "Մենք կոչ ենք անում այս գործի ամբողջական և անաչառ հետաքննության։ Ամեն մի ոճրագործության մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն", - նշել են ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունում։
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեն նննույնպես դատապարտել է թշնամու ուժերի այս գործողությունները ։ "Դատապարտում ենք մահապատժի եւ հավանական պատերազմական հանցագործությունների մասին հաղորդումները, որոնք ադրբեջանցի զինվորներն իրագործել են անզեն հայերի նկատմամբ։ Մենք պետք է ձգտենք հասնել արդարության յուրաքանչյուր ոճրագործության համար, որը կատարվել է վերջերս Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման ժամանակ", - ընդգծել են կոմիտեում։
Քվեբեկից Կանադայի սենատոր Լեո Հուսակոսն, իր հերթին, նշել է, որ դրանք հայերի դեմ կատարվող վայրագություններ են ու մարդկության դեմ հանցագործություններ: "Եվ աշխարհը փակում է աչքերը՝ ճիշտ այնպես, ինչպես մենք աչք էինք փակում Հայոց ցեղասպանության վրա", - գրել է նա «Թվիթերում»:
Նշենք, որ հոկտեմբերի 2-ին Telegram-ալիքներում տեսանյութ էր տարածվել, որում ադրբեջանցի զինծառայողները գնդակահարում են անզեն հայ զինվորներին: Միջադեպը, ինչպես պարզել են իրավապաշտպանները, տեղի է ունեցել Իշխանասարի դիրքերի ուղղությամբ սեպտեմբերի 13-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիայի ընթացքում։
Հավելենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ թշնամական ուժերը խոշտանգում, անմարդկային վերաբերմունքի են ենթարկում հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց։