Արմինֆո. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 6-ին Պրահայում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ Եվրոպական քաղաքական հանրության առաջնորդների հանդիպման հարթակներում:
Ինչպես հաղորդել է թուրքական «Sabah» թերթը, վկայակոչելով իր աղբյուրները, հանդիպման ընթացքում Էրդողանը Փաշինյանի հետ կքննարկի հայ-թուրքական հարաբերությունները, այդ թվում՝ հատուկ ներկայացուցիչների հանդիպումները ոչ թե երրորդ երկրներում, այլ Թուրքիայում և Հայաստանում անցկացնելու հնարավորությունը։
Պարբերականի տեղեկությունների համաձայն, սպասվում է, որ Թուրքիայի առաջնորդը Հայաստանի վարչապետին "սադրանքներից խուսափելու և Ադրբեջանի հետ վերջնական խաղաղության պայմանագիր ստորագրելու անհրաժեշտության մասին ուղերձ կհղի՝ տարածաշրջանում հետագա լարվածությունից խուսափելու նպատակով"։ Հաղորդվում է, որ հանդիպմանը քննարկվելու է նաև Հայաստանի տարածքով միջանցքի շահագործման հարցը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայկական կողմը նույնպես չէր բացառել Եվրոպական քաղաքական հանրության առաջնորդների Պրահայի հանդիպման հարթակներում Փաշինյան-Էրդողան հանդիպման անցկացումը: