Արմինֆո.Ադրբեջանցի զինվորականների կողմից հայ գերիների գնդակահարության տեսանյութերը խորապես ցնցում են։ Այդ մասին ասվում է Ֆրանսիայի եվրոպական և արտաքին գործերի նախարարության հայտարարությունում։
"Ֆրանսիան ի գիտություն է ընդունում Ադրբեջանի կողմից հայտարարված այդ ակտերի հետաքննության սկիզբը եւ կոչ է անում պատասխանատվության ենթարկել մեղավորներին ",- հայտարարել են Ֆրանսիայի ԱԳՆ-ում: Գերատեսչությունում հավելել են նաև, որ Ֆրանսիան կոչ է անում ազատ արձակել պահվող բոլոր հայ գերիներին:
Հայ ռազմագերիների գնդակահարության կադրերին արձագանքել է նաեւ Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին: "Ադրբեջանցի զինվորների կողմից հայ ռազմագերիների գնդակահարության մասին հաղորդագրությունները խորը տագնապ են առաջացնում։ Նման բռնության մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն, եւ տարածաշրջանը պետք է վերադառնա կայունության վիճակի", - գրել է Մելանի Ժոլին «Թվիթերում»։
Նշենք, որ հոկտեմբերի 2-ին Telegram-ալիքներում տեսանյութ էր տարածվել, որում ադրբեջանցի զինծառայողները գնդակահարում են անզեն հայ զինվորներին: Միջադեպը, ինչպես պարզել են իրավապաշտպանները, տեղի է ունեցել Իշխանասարի դիրքերի ուղղությամբ սեպտեմբերի 13-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիայի ընթացքում։
Հավելենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ թշնամական ուժերը խոշտանգում, անմարդկային վերաբերմունքի են ենթարկում հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց։