Արմինֆո. Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ հետաքննություն անցկացնեն տեսագրության վրա, որտեղ երեւում է ադրբեջանցի զինվորների կողմից հայ ռազմագերիների գնդակահարությունը: Այդ մասին երկուշաբթի Բրյուսելում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն։
"Մենք կոչ ենք անում անհապաղ հետաքննություն անցկացնել համապատասխան իշխանությունների կողմից։ Այդ տեսանյութի գործը, որտեղ ցույց է տրվում, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները գնդակահարում հայ զինվորներին, պետք է հետաքննվի Ադրբեջանի իշխանությունների կողմից", - ասել է նա։
Ստանոյի խոսքով՝ եթե հետաքննության արդյունքները ցույց տան տեսանյութի իսկությունը, ապա "դա պատերազմական հանցագործություն է եւ միջազգային իրավունքի ակնհայտ խախտում": "Նման հանցագործությունը պետք է դատապարտվի", - հավելել է դիվանագետը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նշենք, որ հոկտեմբերի 2-ին Telegram-ալիքներում տեսանյութ էր տարածվել, որում ադրբեջանցի զինծառայողները գնդակահարում են անզեն հայ զինվորներին: Միջադեպը, ինչպես պարզել են իրավապաշտպանները, տեղի է ունեցել Իշխանասարի դիրքերի ուղղությամբ՝ սեպտեմբերի 13-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիայի ընթացքում ։