Արմինֆո. Ադրբեջանական կողմն առաջարկել է հոկտեմբերին անցկացնել Հայաստանի հետ սահմանազատման երկկողմ հանձնաժողովի հերթական նիստը:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, այդ մասին ասվում է հոկտեմբերի 2-ին Ժնևում երկու երկրների արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի հանդիպման վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում:
"Հանդիպման ընթացքում, հաշվի առնելով լարվածությունը սահմանի չսահմանազատված հատվածում, ադրբեջանական կողմն առաջարկել է սահմանազատման երկկողմ հանձնաժողովի հերթական նիստն անցկացնել ոչ թե նոյեմբերին, ինչպես համաձայնեցվել էր ավելի վաղ, այլ՝ ընթացիկ տարվա հոկտեմբերին", - նշվում է ԱՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Նշենք, որ մայիսի 24-ին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման շրջանակներում եւ համապատասխան կարգադրությունների հիման վրա հայ - ադրբեջանական միջպետական սահմանին տեղի է ունեցել Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի առաջին հանդիպումը' Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի սահմանազատման եւ անվտանգության հարցերի հանձնաժողովների համատեղ աշխատանքի ձեւաչափով: Ըստ ՀՀ ԱԳՆ-ի, կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը հանձնաժղովների շրջանակներում աշխատանքներ տանել սահմանազատման և համապատասխան այլ հարցերի ուղղությամբ, այդ թվում ՝ սահմանին անվտանգության ապահովման ուղղությամբ: Քննարկվել են նաեւ հանձնաժողովների համատեղ գործունեության կազմակերպչական եւ ընթացակարգային հարցեր: Միջպետական սահմանին հանդիպումների հետ մեկտեղ կողմերը համաձայնության են եկել հետագա հանդիպումների անցկացման համար տարբեր հարթակների օգտագործման նպատակահարմարության շուրջ: Մասնավորապես, պայմանավորվել են երկրորդ հանդիպումը Մոսկվայում եւ երրորդ հանդիպումը Բրյուսելում անցկացնելու մասին։