Արմինֆո.Եվրոպացի պատգամավորներն ու լրագրողներն արձագանքել են Ադրբեջանի ԶՈւ կողմից հայ զինծառայողների գնդակահարությանը՝ ՀՀ ինքնիշխան տարածքում։
Նշենք, որ Telegram-ալիքներում տարածվում է տեսանյութ, որում ադրբեջանցի զինծառայողները գնդակահարում են անզեն հայ զինվորներին։ Միջադեպը, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ի գիշերը Ջերմուկի ուղղությամբ լայնածավալ ռազմական ագերսիայի ժամանակ։
Ֆրանսիայի Սենատի "Հանրապետականներ" խմբակցության անդամ, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ Վալերի Բուայեն հանդես է եկել եվրոպական ԶԼՄ-ների և քաղաքական գործիչների քննադատությամբ՝ Ադրբեջանի պատերազմական հանցագործություններին արձագանքի բացակայության համար։ "Ֆրանսիայի, ԵՄ-ի լրատվամիջոցներ, ինչի՞ եք սպասում փոքր ու ժողովրդավարական Հայաստանի անունից գործելու համար։ Տիկին Ուրսուլա ֆոն դեր Լյայեն, սպասենք, մինչեւ ադրբեջանցիներն ու նրանց թուրք դաշնակիցներն ավարտեն 1915 թվականի Ցեղասպանությու՞նը: Հայերի արյունն ավելի քի՞չ արժե, քան ուկրաինացիների արյունը", - գրել է Բուայեն Twitter-ում:
Գերմանիայից Եվրախորհրդարանի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոն-Տաուբադելը, իր հերթին, պահանջել է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանցի պատերազմական հանցագործների դեմ: "Ադրբեջանի բանտերում խոշտանգումների այլ դեպքերի մասին մենք արդեն գիտենք, գիտենք նրանց, ովքեր մեղսակից են դրանց։ Մենք գիտենք նրանց անունները։ Մեզ շտապ անհրաժեշտ են անհատական պատժամիջոցներ այդ հանցագործների նկատմամբ", - գրել է Տաուբադելը «Թվիթերում»։
Իսկ Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Անտոն Գոմես-Ռեյնոն նշել է, որ Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից հայ ռազմագերիների բարբարոսական գնդակահարության տեսապատկերներն անընդունելի են: "Կրկնակի անտանելի է օգտագործել քաղաքական իրավիճակը, որը ձեզ տալիս է ձեր գազը (համաշխարհային սովի ժամանակ)՝ ներխուժումներ իրականացնելու և մարդու իրավունքները խախտելու համար", - ընդգծել է նա։
Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուն ադրբեջանական ռեժիմի հերթական բարբարոսություն է որակել այդ երկրի ԶՈՒ կողմից հայ ռազմագերիների գնդակահարությունը: "Ադրբեջանական ռեժիմի հերթական բարբարոսությունը։ Եվ սրանք հենց այն մարդի՞կ են, որոնց հետ դուք կնքել եք համաձայնագիր և որոնց համարում եք վստահելի գործընկեր, տիկին Ֆոն դեր Լյայեն",- հարց է ուղղել նա։
Իր հերթին՝ բրիտանացի լրագրող Էմիլ Հեսենը փաստել է, որ տարածվում է ադրբեջանցի զինվորների նկարահանած տեսագրությունը, որում վերջերս Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի հարձակումների ժամանակ նրանք շրջապատում են 7 անզեն հայ զինվորների եւ սառնասրտորեն գնդակահարում նրանց: "Ադրբեջանը շարունակում է խախտել միջազգային իրավունքը, եւ այդ մարդասպաններն ու Ադրբեջանի կառավարությունը պետք է պատասխանատվություն կրեն իրենց անհամար պատերազմական հանցագործությունների համար", - ընդգծել է նա:
Մեկ այլ բրիտանացի լրագրող՝ Թոմաս դե Վաալը, սարսափելի է համարել տարածվող կադրերը։ "Սարսափելի է։ 2020թ. պատերազմական հանցագործությունների անպատժելիությունը և հետաքննության բացակայությունը նպաստում են նոր ոճրագործություններին, այս անգամ՝ ադրբեջանական վերջին ներխուժման ժամանակ յոթ անզեն հայերի ակնհայտ սպանությանը: Ուրախ եմ տեսնել ԵՄ-ի այս պատասխանը", - նշել է նա՝ մեկնաբանելով Տոյվո Կլաարի թվիթերյան գրառումը։
"Ադրբեջանցի ագրեսորների կողմից հայ ռազմագերիների գնդակահարության սարսափելի տեսագրությունը հարված է խաղաղության ուղղությամբ ԵՄ-ի և ԱՄՆ-ի ջանքերին։ Մենք գործ ունենք վայրենիների հետ։ Առանց ադրբեջանցիների դեմ գործողությունների ոչ մի առաջընթաց ակնկալել պետք չէ։ Պատժամիջոցներ, զենք եւ դեօկուպացիա: Հիմա",-գրել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը: