Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարում առարկայական բանակցություններ սկսել Բաքվի հետ՝ խաղաղության պայմանագրի շուրջ: Այդ մասին նա հայտարարել է սեպտեմբերի 30-ին Հանրային հեռուստաընկերության հարցազրույցում, ընդգծելով, որ Երեւանը չի հրաժարվում ձեռք բերված պայմանավորվածություններից։
"Առաջիկա օրերին Հայաստանի արտգործնախարարը հանդիպում կունենա ադրբեջանցի նախարարի հետ, որի ընթացքում, ինչպես մենք ավելի վաղ հայտարարել էինք, պետք է բանակցություններ սկսեն պայմանագրի տեքստի մշակման շուրջ", - նշել է նա:
Այս համատեքստում նա անդրադարձել է խորհրդարանում իր խոսքերի վերաբերյալ մանիպուլյացիաներին ՝ փաստաթուղթ ստորագրելու պատրաստակամության մասին, "որի համար պատրաստ է քննադատության ենթարկվել եւ, նույնիսկ, իշխանությունից հեռացվել": Ինչպես նշել է վարչապետը, խնդիրն այն է, որ բանակցությունների սեղանին ներկայում ոչ մի փաստաթուղթ չկա։ Իսկ նման փաստաթղթի առկայությունը, ինչպես նշել է Փաշինյանը, կնշանակեր, որ համատեղ աշխատանքի ընթացքում կողմերը եկել են որոշակի ընդհանուր հայտարարի։ Նրա ասելով, հայկական կողմը փորձում է Ադրբեջանի հետ նախապատրաստել խաղաղության պայմանագրի տեքստ, որն առավելագույնս կհամապատասխաներ կողմերի շահերին: