Արմինֆո. Գլխավոր շտաբի պետի տեղակալը տվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր առաքելության ընդհանրական բնութագիրը, այն է՝ պաշտպանել Հայաստանի սուվերեն տարածքն արտաքին սպառնալիքներից։
Այդ ձևակերպման մեջ որևէ արտառոց կամ նոր բան չկա։ Այդ մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը, ով հանդես է եկել պարզաբանմամբ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Առաքել Մարտիկյանի այն հայտարարության կապակցությամբ, թե՝ ԶՈւ-ն ունի Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու հրաման և պարտավոր է կատարել վերադասի հրամանը։
Ճշգրտող հարցին, թե՝ արդյոք այդ ձևակերպումը որևէ գործողության մասին ակնարկ չի եղել, Թորոսյանը, մասնավորապես, ասել է. «Որևէ ակնարկ կամ թաքնված ենթատեքստ փնտրել պետք չէ։ ԳՇ պետի տեղակալ Առաքել Մարտիկյանը խոսել է զինված ուժերի գլխավոր առաքելության՝ Հայաստանի սուվերեն տարածքի պաշտպանության մասին։ ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերման ուղղությամբ այս պահին գործի է դրված դիվանագիտական ողջ գործիքակազմը":