Արմինֆո. Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակում և ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածքների նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքները:
ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ: Նախարար Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ սանձազերծված ագրեսիայի մանրամասները՝ առանձնահատուկ շեշտելով ՀՀ ինքնիշխան տարածքներից ադրբեջանական զինված ուժերի շուտափույթ դուրսբերման և ագրեսիայի հետևանքների վերացման անհրաժեշտությունը: Անդրադառնալով Ադրբեջանի առավելապաշտական քաղաքականության նկատմամբ միջազգային հանրության կողմից հասցեական և համարժեք արձագանքի նշանակությանը՝ Արարատ Միրզոյանը կարևորել է իրանական կողմի սկզբունքային դիրքորոշումը ստեղծված իրավիճակի և դրա հանգուցալուծման առնչությամբ:
Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը նշել է, որ Իրանն անթույլատրելի է համարում տարածաշրջանում սահմանների և աշխարհաքաղաքականության ցանկացած փոփոխություն։ Երկուստեք ընդգծվել է խնդիրները խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորելու կարևորությունը։ Հանդիպման ընթացքում երկու երկրների ԱԳ նախարարները գոհունակություն են հայտնել դարավոր բարեկամության վրա հիմնված հայ-իրանական հարաբերությունների բարձր մակարդակի կապակցությամբ։ Կարևորվել է երկկողմ օրակարգը հարստացնելու նպատակով համատեղ ջանքերի իրականացումը, հատկապես էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, զբոսաշրջության, տրանսպորտի և ենթակառուցվածքների ոլորտներում:
Նույն օրը նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ, Քաղաքակրթությունների դաշինքի Բարձր ներկայացուցիչ Միգել Անխել Մորատինոսի հետ: Արարատ Միրզոյանը կարևորել է ՄԱԿ Քաղաքակրթությունների դաշինքի գործունեությունը` ուղղված քաղաքակրթությունների միջև ներդաշնակությանը, միջկրոնական և միջմշակութային երկխոսության խթանմանը: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անդրադարձ է կատարել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքներին՝ ընդգծելով միջազգային կառույցների կողմից ագրեսոր պետությանը հստակորեն դատապարտելու կարևորությունը:
Նախարար Միրզոյանը շեշտել է նաև 44-օրյա պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանման անհրաժեշտությունը: Հայկական կողմը նշել է, որ Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության կոթողների միտումնավոր ոչնչացումը մարտահրավեր է ոչ միայն Հայաստանի, այլև համայն մարդկության համար։
Նյու Յորքում Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպում է ունեցել նաեւ Սիրիայի Արաբական Հանրապետության արտաքին գործերի և սփյուռքի նախարար Ֆեյսալ Ալ-Միկդադի հետ։
Արտգործնախարարները քննարկել են ավանդական բարեկամական կապերի վրա հիմնված երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր, մտքեր փոխանակել փոխադարձ հետաքրքություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հեռանկարների շուրջ։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարևորել են Սիրիայի հայկական համայնքի դերը Հայաստանի և Սիրիայի միջև հարաբերությունների զարգացման գործում՝ ընդգծելով, որ չնայած սիրիական ճգնաժամի ընթացքում կրած դժվարություններին, այն շարունակում է յուրահատուկ կամուրջի դեր խաղալ երկու երկրների միջև:
Արարատ Միրզոյանը և Ֆեյսալ Ալ-Միկդադն անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի՝ շեշտելով խնդիրները խաղաղ բանակցությունների ու երկխոսության միջոցով կարգավորելու անհրաժեշտությունը։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը՝ կարևորելով միջազգային հանրության կողմից գործուն քայլերի և համապատասխան մեխանիզմների միջոցով ագրեսորին զսպելու, ինչպես նաև տարածաշրջանում կայունություն ու անվտանգություն հաստատելու կարևորությունը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը անդրադարձել է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին:
ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի շրջանակներում Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ հանդիպման ընթացքում նախարար Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքները։
Արարատ Միրզոյանն ընդգծել է միջազգային գործընկերների կողմից Ադրբեջանին ուղղված հասցեական հայտարարությունների անհրաժեշտությունը և նոր ագրեսիաները կանխելու նպատակով գործուն քայլերի իրականացումը։ Այս համատեքստում նա կարևորել է հատկապես ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ հանդիպումների ընթացքում Հնդկաստանի բարձրաձայնած դիրքորոշումը։ Քննարկվել են նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր։
Արարատ Միրզոյանն ու Սուբրամանյամ Ջայշանկարն անդրադարձ են կատարել հայ-հնդկական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերի։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել միջազգային հարթակներում Հայաստանին վերաբերող հարցերում հնդկական կողմի արտահայտած դիրքորոշումները։
Նույն օրը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Հնդկաստանի ԱԳ նախարարի հրավերով մասնակցել է Հնդկաստանի անկախության 75-ամյակին, Հնդկաստան- ՄԱԿ համագործակցությանը նվիրված միջոցառմանը։