Արմինֆո. Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Ռոբերտ Մենենդեսը, վկայակոչելով Ադրբեջանի վերջին հարձակումները Հայաստանի վրա, կոչ է արել Բայդենի վարչակազմին դադարեցնել անվտանգության ոլորտում Ադրբեջանին հատկացվող ամբողջ օգնությունը եւ վերանայել երկրին հատկացվող օգնության բոլոր ծրագրերը: Այդ մասին հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։
Մենենդեսն ընդգծել է, որ այն ստուգումը, որն ինքը պատվիրել է կառավարության Հաշվիչ պալատին՝ Ադրբեջանին ԱՄՆ-ի օգնության մանրամասն նկարագրությամբ, ցույց է տվել, որ Պետդեպարտամենտը չի կատարել դիտարկվող ժամանակահատվածում ամերիկյան օգնության ազդեցության մասին Կոնգրեսի առջեւ հաշվետվության վերաբերյալ օրենքով սահմանված պահանջները:
"Թեեւ Պետդեպարտամենտը համաձայնել է կառավարության Հաշվիչ պալատի հետ՝ մերժման համար անհրաժեշտ պահանջների կատարումն ապահովելու նրա հանձնարարականների մասով, նա դեռեւս կառույցին չի տրամադրել այդ խնդրի լուծման գործողությունների ծրագիր", - արձանագրել է սենատորը:
Այնուհետև Մենենդենսն ընդգծել է, որ վարչակազմը չպետք է նվազեցնի ադրբեջանական հարձակման նշանակությունը՝ անկողմնակալ երևալու նպատակով: "Նախագահ Բայդենը 2022 թվականին երկրում տիրող իրավիճակի մասին իր ուղերձում ասել է. "Երբ բռնապետները գին չեն վճարում իրենց ագրեսիայի դիմաց, նրանք ավելի մեծ քաոս են առաջացնննննում": Միացյալ Նահանգները կարեւոր հնարավորություն ունի աջակցելու հայ ժողովրդին, երբ նա փորձում է հետ մղել ավտորիտար հարձակումը", - ընդգծել է սենատորը։
Ավելի վաղ ԱՄՆ 7 օրենսդիրներ նամակներ էին հղել Պենտագոն և Պետդեպարտամենտ՝ պահանջելով դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը՝ Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ ագրեսիայի ֆոնին: