
Արմինֆո. Այսօր կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է տեղեկատվական անվտանգության ապահովման կաարեւորությանը:
Կառավարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ մեզ համար շատ կարևոր է տեղեկատվական անվտանգության ապահովումը: «Մենք տեսնում ենք, որ ինչ-որ կասկածելի անձինք կարող են կասկածելի տեղեկատվություններով սպառնալիքներ ստեղծել երկրի ազգային անվտանգության նկատմամբ: Ժողովրդավարությունը՝ ժողովրդավարություն, ամեն ինչ էլ հասկացանք, խոսքի ազատությունը, բայց այլասերվածներին պետք է թույլ չտալ այլասերվածություն մտցնեն: Այստեղ էլ մենք ակնկալում ենք, որ մեր իրավապահ համակարգը՝ Ազգային անվտանգության ծառայությունը, շատ կոնկրետ մեթոդներ և միջոցներ ձեռնարկի, հայտնաբերելով այդ թվում՝ համագործակցող անձանց, որովհետև դա, ըստ էության, գործակալական ցանց է Հայաստանի Հանրապետությունում: Ազգային անվտանգության ծառայությունը վերջին շրջանում շատ մեծ հաջողություններ ունի գործակալական ցանցեր բացահայտելու առումով, բայց կարծում եմ, որ գործակալական ցանցերի հետ մեր պրոբլեմները դեռևս չենք կարգավորել, այսինքն՝ չենք լուծել և այդ ուղղությամբ պետք է շարունակենք հետևողական աշխատանք իրականացնել», - ասել է վարչապետը:
Նա նաեւ տեղեկացրել նախօրեին պաշտպանության նախարարի հետ քննարկման մասին, ընդգծելով, որ Հայաստանի Զինված ուժերի գործունեությունը խաթարելու ցանկացած փորձ պետք է ամենակոշտ մեթոդներով կանխվի՝ անկախ մոտիվացիաներից, անկախ գործող անձանց էմոցիոնալ վիճակից, ամենակոշտ մեթոդներով: «Ես ուզում եմ, որ մենք սա հստակ արձանագրենք: Մենք դեպքեր ենք ունեցել, ցավոք, 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո, այդ գործերով լավ է, որ հիմա ինտենսիվ քննություն է գնում և դատական գործեր կան: Կրկնում եմ՝ որևէ անձի, որևէ կարգավիճակ թույլ չի տալիս օրենքից դուրս գործողություններ անել և որտեղ որևէ մեկը՝ անկախ էմոցիոնալ վիճակից, օրենքի գիծն անցնում է, պետք է իրավապահ համակարգի հակազդեցությունը շատ կոնկրետ, արագ և ամենակոշտ ձևերով զգա: Եկենք արձանագրենք, որ սա պետական անվտանգության հարց է և այստեղ մենք չենք պատրաստվում որևէ կոմպրոմիսի գնալ», - հայտարարել է վարչապետը: