Արմինֆո.Նախօրեին Երևանում տեղի է ունեցել հերթական տեղեկատվական ահաբեկչությունը, որի զոհ են դարձել Հայաստանի քաղաքացին և Հայաստանի Հանրապետությունը։ Այդ մասին սեպտեմբերի 15-ին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը՝ մեկնաբանելով Հայաստանի մայրաքաղաքում տեղի ունեցած բողոքի ակցիաները։
"Տեղի ունեցածին քաղաքական գնահատական դեռ կտրվի, բայց, իմ խորին համոզմամբ, նման ակցիաների հետևում կարող են կանգնած լինել արտասահմանյան թշնամական ցանցեր, քանի որ այն, ինչ տեղի ունեցավ երեկ, ուղղակի հարված է հայոց բանակին, նրա մարտունակությանը և հայ ժողովրդին։ Սեփական ժողովրդին տեռորի ենթարկելը, սուտ տարածելը, ճշմարտությունը թաքցնելը նշանակում է ծառայել թշնամու շահերին", - հայտարարել է պատգամավորը, հավելելով, որ այն, ինչ տեղի ունեցավ երեկ, 2020թ. նոյեմբերի 9-ի իրադարձությունների կրկնությունն է՝ երկրում պետական հեղաշրջում իրականացնելու, պետական կառույցներն ու իշխանությունը զավթելու փորձ։ "Բայց որոշակի շրջանակներ և նրանց հովանավորող ուժերը հերթական անգամ համոզվեցին, որ մեր ժողովուրդն, իսկապես, ամեն ինչ շատ լավ է տեսնում։ Կարելի է մանիպուլյացիաների կիրառմամբ որոշակի իրարանվում առաջացնել, սակայն տարիներ շարունակ կառուցված կեղծիքի համակարգն ամբողջությամբ ձախողվեց", - հայտարարել է Պապոյանը։
Նա նաեւ նշել է, որ ականատես է եղել մի քանի դեպքերի, որոնք թույլ են տալիս պնդել, որ նախորդ երեկոյի իրադարձությունները լավ էին կազմակերպված, երբ Երեւանից զանգահարում էին գյուղեր եւ քաղաքներ՝ մայրաքաղաք գալու կոչերով, քանի որ, իբր, հողերը հանձնվում են, փաստաթղթեր են ստորագրվել կամ կստորագրվեն հինգ րոպե անց: "Ես չեմ կիսում մեր որոշ քաղաքացիների տեսակետներն այն մասին, թե, իբր, տեղի են ունեցել մեդիաշահարկումներ այն մասին, որ քաղաքացիները ինչ-որ տեղ լսել են ինչ-որ բան՝ դրանից անելով համապատասխան հետեւություններ: Տեղի է ունեցել կազմակերպված գործընթաց, որի արդյունքում մարդկանց մոլորեցրել են, որպեսզի նրանք գան Բաղրամյան փողոց և կատարեն գործողություններ, որոնք իրենց էությամբ հակասահմանադրական են, հակաօրինական։ Ի վերջո, այդ մարդկանց մենակ կթողնեն՝ իրավապահ մարմինների հետ", - նշել է պատգամավորը՝ մատնանշելով երկրի իշխանությունների տրամադրած տեղեկատվության կարեւորությունը։
Նա նաև հայտարարել է, որ երեկվա իրադարձությունները պետության դեմ երկրորդ ճակատ բացելու փորձ են։ "Մի իրավիճակում, երբ բանակը կռվում է, և լավ է կռվում, առավելագույնս իրականացնելով իր հնարավորությունները, խոսել այն մասին, թե հողերը տրվել են թշնամուն, նշանակում է, որ զինվորն ու սպան կարող են հուսահատվել, ինչը կարող էր լրջագույն խնդիրների հանգեցնել սահմանին", - հայտարարել է Պապոյանը, հավելելով, որ այդ իրադարձությունների հետևում կանգնած անձինք կանգ չեն առնի ոչ մի բանի առջև, նրանք չունեն "կարմիր գծեր", ինչը ողբերգություն է ժողովրդի և պետության համար: