Արմինֆո.ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, կովկասյան բանակցությունների հարցերով հատուկ խորհրդական Ֆիլիպ Ռիքերի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 8-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳՆ Ամերիկյան երկրների վարչության պետ Արմեն Եգանյանի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի ուղեկցությամբ:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի մամուլի ծառայության հաղորդման համաձայն, հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Նա հյուրերին ներկայացրել է նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին:
Պարոն Ֆիլիպ Ռիքերը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որից հետո ԱՄՆ-ից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը:
Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը հյուրին նվիրել է 1890-1922 թթ․ ամերիկյան մամուլում հրատարակված հայկական կոտորածներին և Հայոց ցեղասպանության մասին հոդվածների երկու հատոր՝ «The Armenian Genocide: Prelude and Aftermath. As reported in the U.S. Press – The New York Times»։