Արմինֆո. Երեւանին ու Բաքվին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելու եւ հայ-ադրբեջանական երկխոսությանը հնարավորինս կառուցողական բնույթ հաղորդելու փորձերը կշարունակվեն։ ԱրմԻնֆո-ին նման կարծիք է հայտնել Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։
"Փաստորեն, հայ - ադրբեջանական բանակցությունների առավել հարմար և կառուցողական ձևաչափ, քան երկկողմ ձևաչափը, այսօր, դատելով ըստ ամենայնի, գոյություն չունի։ Այդ առումով ԵՄ-ի եւ անձամբ Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի դերը պետք է հանգեցվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ուղիղ երկխոսության, համապատասխանաբար, ուղիղ պայմանավորվածությունների հաստատմանը", - նշել է նա։
Թե որքանով դա կհաջողվի Բրյուսելին, ըստ փորձագետի, ցույց կտա ժամանակը։ Այսօր, ցավոք սրտի, հիմնական հարցերը լուծվում են բոլորովին այլ ձևաչափով, որը չի բխում Հայաստանի շահերից: Դրա շրջանակում ՌԴ-ն Թուրքիայի որոշակի մասնակցությամբ պայմանավորվածություններ է ձեռք բերում Ադրբեջանի հետ։ Որոշ դեպքերում իրազեկվում է նաև Իրանը։ Ինչից հետո Հայաստանի առջև դրվում են հակամարտությանը վերաբերող այս կամ այն խնդրի պատրաստի լուծումներ։
Այս ֆոնին ԵՄ-ն, Նավասարդյանի գնահատմամբ, իրական ջանքեր է գործադրում ղարաբաղյան հակամարտության համապարփակ լուծման հասնելու ուղղությամբ։ Սակայն դրա համար բավարար լծակներ չունի։ Ինչն, իր հերթին, պայմանավորված է բացառապես Ադրբեջանի հետ ԵՄ էներգետիկ համագործակցությամբ։ Այս լույսի ներքո Բաքվին ինչ-որ այլ բան առաջարկել Բրյուսելը չի կարող։
Մեկնաբանելով հակամարտության կարգավորման գործում ԵԱՀԿ ՄԽ-ի որեւէ դերի բացակայությունը՝ փորձագետը դա պայմանավորել է ավելի ազդեցիկ խաղացողների առկայությամբ, , առաջին հերթին՝ ի դեմս Ռուսաստանի եւ Թուրքիայի: Անկարան միշտ դեմ է եղել Մինսկի խմբին, իսկ Մոսկվան դա անում է, հասկանալով, որ հնարավոր չէ ընդհանուր լեզու գտնել Վաշինգտոնի և Փարիզի հետ՝ ուկրաինական աշխարհաքաղաքական ներկայիս իրողություններում։ "44-օրյա պատերազմի արդյունքից հետո և սկսած Ուկրաինայի պատերազմից՝ Մոսկվան ակնհայտորեն շահագրգռված չէ Արցախի շուրջ բանակցություններին ԵԱՀԿ ՄԽ գործընկերների մասնակցությամբ։ Եվ որպես միջնորդ Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի վերադարձը կարգավորման գործընթաց կանխելու համար Ռուսաստանի ու Թուրքիայի ազդեցությունը միանգամայն բավարար է", - ամփոփել է նա։