Արմինֆո. Ադրբեջանը լիովին կարող է օգտվել Ուկրաինայում Ռուսաստանի զբաղվածությունից։ ԱրմԻնֆո-ին նման կարծիք է հայտնել Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովը։
"Մոսկվայի ձեռքերն ամբողջովին կապված են հատուկ ռազմական գործողությամբ, եւ այդ իրավիճակից ամեն ինչ կորզելու ձգտող Բաքուն շատ լավ հասկանում է, որ Մոսկվան հազիվ թե ցանկանա խոշոր զորախումբ տեղափոխել Ղարաբաղ, եթե այնտեղ մեծ պատերազմ սկսվի", - նշել է նա:
Ըստ Ալեքսանդրովի՝ ձգտելով աշխարհին ցույց տալ, որ այսօր իրական վտանգ է ներկայացնում Հայաստանը, այլ ոչ թե Ադրբեջանը, Բաքուն ընդունակ է ցանկացած քայլի։ Գլխավորն այն է, որ ՌԴ-ն ուկրաինական հատուկ գործողությունից չշեղվի Ղարաբաղի վրա։
Այս լույսի ներքո փորձագետը կանխատեսում է Բաքվի մեղադրանքներ Երեւանի հասցեին' 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը խախտելու համար, ինչը պատրվակ կդառնա Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններ սկսելու համար:
Նման սցենարի իրականացման դեպքում, հաշվի առնելով Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի ոչ մեծ թվակազմը, ռուս զինվորականները, նրա կանխատեսմամբ, չեն կարող դիմակայել ադրբեջանական բանակին։ Արդյունքում՝ Ադրբեջանին կհաջողվի արգելափակել խաղաղապահներին և գրավել ողջ Ղարաբաղը։
Մեկնաբանելով Հայաստանի հնարավոր արձագանքը իրադարձությունների նման զարգացմանը՝ Ալեքսանդրովը նշել է, որ կորցնելով ռազմական ներուժը, Հայաստանն ի վիճակի չէ պայքարել Ղարաբաղի համար։ Փորձագետը ենթադրություն է հայտնել, թե "հայերը չեն ցանկանում վերադառնալ պատերազմի վիճակի եւ պատրաստ են հրաժարվել Ղարաբաղից հանուն հանգիստ կյանքի եւ պատերազմի ոչ մի տրամադրվածություն չունեն": "Ղարաբաղը պաշտպանելու պատրաստակամության բացակայության ֆոնին Երեւանում, ըստ երեւույթին, հույս ունեն, որ դա կանի Ռուսաստանը։ Սակայն, հաշվի առնելով Ուկրաինան, Ռուսաստանը հազիվ թե կարողանա դա անել։ Համապատասխանաբար, Ադրբեջանի լայնածավալ ռազմական գործողությունների դեպքում իրավիճակի ելքը կախված կլինի միայն Հայաստանից։ Եվ այն դեպքում, եթե Բաքվում համոզված լինեն, որ բացի բուն ղարաբաղցիներից, ոչ ոք չի պաշտպանի Ղարաբաղը գրոհից, ապագա հետևանքները կարող են միանգամայն անմխիթար լինել արդեն հենց Հայաստանի համար", - ամփոփել է Ալեքսանդրովը։