Արմինֆո.Քաոսն այսօր աճում է ողջ աշխարհում, որը թեւակոխել է բուռն եւ բավականին արագ փոփոխությունների հերթական փուլ: ԱրմԻնֆո-ին նման կարծիք է հայտնել Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր, իրավաբան Տարոն Սիմոնյանը։
"Թե երբ կավարտվի այդ փուլը՝ հայտնի չէ: Սակայն, հայտնի է, որ իշխանության կայացած ինստիտուտներ ունեցող պետություններում բնակչության շրջանում անպաշտպանության, համապատասխանաբար, քաոսի զգացումն անհամեմատ ավելի քիչ է։ Մինչդեռ, Հայաստանի նման երկրներում, որոնք չունեն կայացած ինստիտուտներ, քաոսը, որպես կանոն, կառավարելի բնույթ ունի։ Եվ կառավարվում է արտաքին ուժերի կողմից", - նշել է նա։
Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների համատեքստում Սիմոնյանը նշել է, որ, որպես կանոն, կառավարելի քաոսը միշտ հետապնդում շատ կոնկրետ նպատակ. բնակչության շրջանում մեծացնել տագնապի զգացումը, իսկ դրա թիրախը բարոյականության նորմերն են։ Այստեղից, ըստ իրավաբանի, անհրաժեշտություն է առաջանում մեծացնել քաղաքացիներին համախմբող պետական ինստիտուտների դերն ու նշանակությունը Հայաստանում:
Նրա գնահատմամբ՝ դա պետք է անել նաեւ տեղի ունեցողի մասին բնակչությանն իրազեկման, զգոնության կոչեր հնչեցնելու, այլ ոչ թե տագնապալի միտումների եւ իրողությունների մասին պարբերաբար խոսելու միջոցով։ Ինչի լույսի ներքո Սիմոնյանը մեծապես կարևորել է տեղեկատվական անվտանգության հայեցակարգի ձևավորումն ու ներդրումը՝ նման դեպքերում գործողությունների հստակ ռազմավարությամբ և մարտավարությամբ։
"Այդ հայեցակարգն անհրաժեշտ է նաև երկրի քաղաքական ղեկավարության համար։ Հակառակորդի հետ լարված բանակցություններում անհրաժեշտ է հաշվարկել յուրաքանչյուր բառի հնարավոր հետևանքները, այլ ոչ թե արտաքին քաղաքական հայտարարություններ անել զուտ ներքաղաքական նպատակներով։ Հետագայում այդ ամենի համար ստիպված են լինելու պատասխան տալ գալիք սերունդները։ Անթույլատրելի է նաև իներցիոնությունը երկրի ղեկավարության վարքագծում, երբ մարդիկ, պարզապես, սպասում են իրադարձությունների զարգացմանը, որպեսզի հաջողությունները վերագրվեն իրենց, իսկ ձախողումները՝ արտաքին ուժերին և քաղաքական ընդդիմախոսներին", - ամփոփել է Սիմոնյանը։