Արմինֆո. Կապանում Իրանի հյուպատոսության բացումը լիովին տեղավորվում է հարավկովկասյան ուղղությամբ, ընդհանուր առմամբ, և Հայաստանի ուղղությամբ Թեհրանի քաղաքականության ընթացիկ տրամաբանության մեջ։ ԱրմԻնֆո-ին նման կարծիք է հայտնել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը:
"Հնարավոր է թվում փաստել, որ Իրանն աշխատում է սեփական սահմանների հյուսիսային ուղղությամբ՝ գործարկելով իր տրամադրության տակ եղած ողջ գործիքակազմը։ Արդեն նշանակվել է հյուպատոս ՝ Աբեդին Վարամինը, կան փոքր տեխնիկական հարցեր, բայց գործընթացն առաջ է գնում։ Համոզված եմ, որ Սյունիքում ԻԻՀ հյուպատոսության հայտնվելը պայմանավորված է բնավ ոչ միայն դիվանագիտությամբ։ Դա Թեհրանի կարևոր և ոչ երկիմաստ մեսիջն է ի պատասխան Սյունիքի մարզի նկատմամբ թուրք-ադրբեջանական ոտնձգությունների և ախորժակի ", - կարծում է նա։
Ըստ իրանագետի՝ կովկասյան ուղղությամբ Թեհրանի նման ակտիվությունն էապես աճել է հայ ժողովրդի նկատմամբ թուրք-ադրբեջանական տանդեմի 44 - օրյա ագրեսիայից հետո։ Եվ այսօր, ըստ նրա, Հարավային Կովկասը, Հայաստանը, Արցախյան հիմնախնդիրը, Ադրբեջանում թուրքական ներկայության ուժեղացումը Թեհրանի արտաքին օրակարգում առաջնային տեղ են զբաղեցնում։
Իսկ հաշվի առնելով Հայաստանի հետ Սյունիքի տարածքով ցամաքային կապի կենսական կարեւորությունը ինչպես Հայաստանի, այնպես էլ Իրանի համար՝ Հայաստանի այդ մարզի նկատմամբ Անկարայի եւ Բաքվի ագրեսիվ հայտարարություններն ու գործողությունները, Ոսկանյանի կարծիքով, ոչ մի կերպ չեն կարող անտարբեր թողնել Թեհրանին: Թեև Հայաստանի ղեկավարությունը, ըստ իրանագետի, ակնհայտորեն գտնվում է լիակատար անգործության վիճակում։