Արմինֆո. Կիեւում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանը Ուկրաինայի հանրային հեռուստառադիոընկերության հարցազրույցում բարձրացրել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը։
Վլադիմիր Կարապետյանը նշել է, որ Ադրբեջանը պնդում է, որ գերության մեջ է գտնվում 38 հայ զինծառայող, մինչդեռ, հայկական կողմը կարծում է, որ գերության մեջ պետք է լինի ևս 26 զինծառայող: Դեսպանն ընդգծել է, որ ամենաբարձր մակարդակով պայմանավորվածություն է եղել, որ գերիների փոխանակումը պետք է լինի "բլորին՝ բոլորի դիմաց" սկզբունքով:
Հայկական կողմը հանձնել է բոլոր գերիներին, նույնիսկ, բոլորովին այլ հոդվածներով դատապարտված հանցագործներին, այդ թվում ՝ սպանության համար։ Դեսպանի խոսքով ՝ հայկական կողմն ունի համապատասխան փաստաթղթային ապացույցներ, տեսագրություններ, ինչպես նաև Հայաստան վերադարձած գերիների ցուցմունքներ: Կարապետյանը հավելել է, որ ադրբեջանական կողմը հայ զինվորականների մի մասին փոխանակել է ականապատ տարածքների քարտեզի դիմաց:
"Հայաստանի ղեկավարությունը, որպես բարի կամքի դրսեւորում, փոխանցել է ականապատ տարածքների քարտեզները, որոնք մենք մեր տրամադրության տակ ունեինք դեռեւս 90-ական թվականներից, Առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակներից ի վեր", - պարզաբանել է դեսպանը, հաղորդում է"Արմենպրեսը":
Դիվանագետն ընդգծել է, որ փոխանցված քարտեզները զգալիորեն կրճատել են ականների պատճառով մահերի թիվը։
Հարկ է նշել, որ մինչ այժմ հայտնի չէ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ 2020թ. աշնանը սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիայից հետո ադրբեջանական գերության մեջ պահվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց ճշգրիտ թիվը: Փորձագետների գնահատմամբ ՝ նրանք մի քանի հարյուր են ։ Բաքուն հաստատում է իրենց մոտ 38 հայերի առկայությունը։ Հայ ռազմագերն ու քաղաքացիական անձինք ենթարկվում են անմարդկային վերաբերմունքի ։ Նրանցից շատերը շինծու քրեական գործերով դատապարտվել են երկարատեւ ազատազրկման։