Արմինֆո. Ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության արդյունավետության բարձրացման անհրաժեշտության և հետագայում հնարավոր խնդիրների առաջացման վերաբերյալ հայկական կողմի մտահոգությունները, ի թիվս այլ դեպքերի, դեռևս 2021 թվականի փետրվարին գրավոր կերպով փոխանցվել են ՌԴ բարձրագույն ղեկավարությանը։ Այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ պատասխանելով ԶԼՄ-ների հարցին:
Օգոստոսի 4-ին կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի շփման գծում իրավիճակի սրմանը, հայտարարել է Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողության մանրամասները ճշտելու անհրաժեշտության մասին: Վարչապետը նշել է, որ 2020 թվականի նոյեմբերից ի վեր Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած մի շարք իրադարձություններ, այդ թվում՝ վերջին օրերի իրադարձությունները հայ հանրության շրջանում առաջ են բերում Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ օպերացիայի բովանդակության եւ էության հետ կապված հարցեր: «2020 թվականի դեկտեմբերի 11-ին Ադրբեջանի կողմից Խծաբերդ եւ Հին Թաղեր գյուղերի գրավումը եւ հայ զինծառայողների գերեվարումը Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների ներկայությամբ եւ թողտվությամբ, 2022 թվականի մարտի 24-ին Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղի գրավումը՝ կրկին Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների ներկայությամբ, շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի շարունակական եւ ահագնացող խախտումները, Լեռնային Ղարաբաղի հայությանը խաղաղապահների ներկայությամբ ֆիզիկապես եւ հոգեբանորեն ահաբեկելու դեպքերը պարզապես անընդունելի են: Այս համատեքստում խիստ անհրաժեշտ է դառնում Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ օպերացիայի մանրամասների ճշգրտումը», - հայտարարել է Հայաստանի կառավարության ղեկավարը:
Հաջորդ օրը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվայում "չեն տեսել կոնկրետ առաջարկներ, որոնք Հայաստանի վարչապետը ցանկանում է քննարկման դնել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ գործողության համատեքստում":-