


Արմինֆո.Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանն իր զարմանքն է հայտնել այն առնչությամբ, որ Ադրբեջանի կողմից Արցախի ու արցախահայության դեմ օգոստոսի սկզբից իրականացվող սադրիչ գործողությունների ու հարձակումների համատեքստում միջազգային կառույցները շարունակում են արհեստական չեզոքություն պահպանել ադրբեջանական ու հայկական կողմերին ուղղված իրենց կոչերում:
«Զարմանում եմ, թե ինչու են միջազգային կառույցներն ու առաջնորդներն իրենց կոչերում կրկին արհեստական չեզոքություն պահպանում ադրբեջանական ու հայկական կողմերի միջև, եթե Բաքուն է նախաձեռնում ռազմական սադրիչ գործողություններ, որոնք արձանագրվել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության և ռուս խաղաղապահ զորամիավորումների կողմից: Նման պարիտետը հանգեցնում է ուժի կիրառման կեղծ լեգիտիմացման»,- գրել է նա «Թվիթեր»-ի իր էջում:
Լեռնային Ղարաբաղի շփման գծում իրադրությունը սրվել է օգոստոսի 1-ից: Օգոստոսի 3-ի առավոտից ադրբեջանական զինուժը գնդակոծել է Արցախի պաշտպանության բանակի մարտական դիրքերը և զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ կիրառելով ականանետեր, նռնականետեր և հարվածային անօդաչու թռչող սարքեր, ինչի հետևանքով զոհվել է ՊԲ երկու պայմանագրային զինծառայող, վիրավորվել է՝ 19 - ը: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 3-ին մասնակի զորահավաք է հայտարարել:



