Արմինֆո. Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ) ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայքլ Քարփենթերն արձագանքել է Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին իրադարձություններին:
Twitter-ի իր միկրոբլոգում նա, մասնավորապես, գրել է. "Ես խորապես մտահոգված եմ նրանց անվտանգությամբ, ովքեր ապրում են Լեռնային Ղարաբաղում եւ նրա շուրջ՝ այդ շրջանում մարտական գործողությունների վերսկսման վերաբերյալ հաղորդագրությունների պատճառով։ Մենք չենք ցանկանում լայնածավալ մարտական գործողությունների վերսկսում, ինչպես դա եղել է 2020 թվականին, և կոչ ենք անում անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու և հետագա էսկալացիա թույլ չտալու ուղղությամբ":
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հերթական սրացումն սկսվել է օգոստոսի 1-ի առավոտյան։ Ադրբեջանական ստորաբաժանումները չեն դադարեցնում սադրանքներն ու հրադադարի ռեժիմի խախտումները: Օգոստոսի 3-ին հակառակորդի գործողությունների արդյունքում Արցախի պաշտպանության բանակի 19 զինծառայող վիրավորվել է, ևս երկուսը մահացել են: Հակառակորդը կիրառել է անօդաչու թռչող սարքեր և նռնականետեր: Նպատակը Բերձորից արցախցիների դուրս մղումն է։ Օգոստոսի 3-ին Արցախի նախագահը հայտարարել է մասնակի զորահավաքի մասին: Իսկ օգոստոսի 4-ին կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով իրավիճակին, նշել է, որ ներկայումս Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը չափազանց բարդ է, սակայն հարցեր են առաջանում ռուս խաղաղապահների նկատմամբ, որոնք պետք է կանխեն շփման գծի խախտման ցանկացած փորձ:
Կրեմլում նշել են, որ կողմերի միջեւ սերտ շփումները թույլ կտան հստակեցնել իրավիճակը: