Արմինֆո. ԱՄՆ Պետական դեպարտամենտը և Եվրամիությունը հանդես են եկել հայտարարություններով՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրացման հետ:
Պետդեպարտամենտի հայտարարության մեջ նշվում է, որ Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է եւ ուշադիր հետեւում է Լեռնային Ղարաբաղի շուրջ ինտենսիվ ռազմական գործողություններին, որոնք ուղեկցվում են զոհերի մասին հաղորդագրություններով: "Մենք կոչ ենք անում անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածության թուլացման եւ հետագա էսկալացիա թույլ չտալու ուղղությամբ։ Լարվածության վերջին աճն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող կամ դրանից բխող մնացած հարցերի բանակցային, համապարփակ եւ կայուն կարգավորման անհրաժեշտությունը",- ամփոփել են ԱՄՆ Պետդեպարտամենտում:
Իսկ Եվրոպական միությունն իր հայտարարության մեջ կոչ է անում անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները, որոնք ծավալվել են ադրբեջանական եւ հայկական ուժերի միջեւ Լաչինի միջանցքի շուրջ եւ շփման գծի երկայնքով այլ վայրերում": "Ցավոք, այդ բախումներն արդեն հանգեցրել են մարդկային զոհերի և վիրավորների։ Չափազանց կարեւոր է հասնել ապաէսկալացման, լիովին պահպանել հրադադարի ռեժիմը եւ վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ ՝ համաձայնեցված լուծումներ գտնելու համար ։
Եվրոպական միությունը նախկինի պես հավատարիմ է Հարավային Կովկասում կայուն խաղաղության եւ կայունության ապահովման գործում իր մասնակցության շարունակմանը", - նշվում է ԵՄ հայտարարության մեջ:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հերթական սրացումը սկսվել է օգոստոսի 1-ի առավոտյան։ Ադրբեջանական ստորաբաժանումները չեն դադարեցնում սադրանքներն ու հրադադարի ռեժիմի խախտումները: Հակառակորդի գործողությունների արդյունքում Արցախի պաշտպանության բանակի երկու զինծառայող է զոհվել, 19 զինծառայող վիրավորվել է։ Հակառակորդը կիրառել է անօդաչու թռչող սարքեր և նռնականետեր: Նպատակը՝ արցախցիներին Բերձորից դուրս մղելն է։